ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ասել է, որ անհնար է խոսել տնտեսությունների արդիականացման եւ մրցունակության բարձրացման մասին՝ առանց թվային օրակարգի: Այս մասին վարչապետն ասել է Երեւանում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում: «Հասկանալի է, որ այս մասշտաբային խնդրի լուծմանն անհրաժեշտ է հասնել՝ հաշվի առնելով տնտեսությունների՝ այդ փոփոխություններն ընդունելու ունակությունը, առանց բիզնեսի համար ավելորդ ծախսեր առաջացնելու: Միաժամանակ, կկրկնեմ Սոչիում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Հայաստանի նախագահի հնչեցրած դիրքորոշումը. թվային լուծումների մշակումը կարելի է իրականացնել՝ ունենալով էլեկտրոնային հաշիվ-ապրանքագրերի փոխադարձ ճանաչման մեխանիզմը: Այդ հարցի լուծումը կարեւոր է ինչպես մի շարք նախաձեռնությունների, այնպես էլ ապրանքների գներին հետեւելու առումով»,- ասել է վարչապետը:Կառավարության ղեկավարի խոսքով՝ ԵԱՏՄ անդամ պետությունների համաձայնեցված տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների եւ փուլերի իրականացման «ճանապարհային քարտեզն» ընթանում է տրանսպորտի եւ ենթակառուցվածքի մասով ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի համապատասխան դրույթների զարգացմանը համապատասխան: «Մեզ համար, հաշվի առնելով ԵԱՏՄ երկրների հետ ընդհանուր սահմանների բացակայությունը, լոգիստիկ եւ տրանսպորտային ու կոմունիկացիոն ուղղվածություն ունեցող հարցերն առավել քան արդիական են: Մենք ակնկալում ենք, որ «ճանապարհային քարտեզի» իրագործումը կնպաստի մեր պետությունների միջեւ տրանսպորտային հաղորդակցության դիվերսիֆիկացմանը:Միության ընդհանուր էներգետիկ շուկայի ձեւավորման շրջանակում մենք շահագրգռված ենք հասնելու տեղեկատվության փոխանակման այնպիսի համակարգի ստեղծմանը, որ կհամապատասխանի էլեկտրաէներգիայի փոխադարձ առեւտրի աճի խնդրին, կնպաստի մեր երկրների էլեկտրաէներգետիկ համակարգերի զուգահեռ աշխատանքի ռեժիմների պլանավորմանը»,- ասել է Կարեն Կարապետյանը:Կառավարության ղեկավարը տեղեկացրել է նաեւ, որ հաջորդ տարի «Եվրասիական շաբաթը» նախատեսվում է անցկացնել Հայաստանում:«Նման նախագծերի իրագործումն ընթանում է ինտեգրացիոն գործընթացներին համահունչ ու նպաստում բիզնեսի եւ պետությունների միջեւ ուղիղ երկխոսության զարգացմանը: Ուրախ կլինենք ընդունելու մեր բոլոր երկրների ներկայացուցիչներին Երեւանում եւ համոզված ենք, որ միջոցառումն օգտակար եւ արդյունավետ կլինի բոլոր մասնակիցների համար»,- ասել է վարչապետը: Նիստի արդյունքում ստորագրվել են տարբեր ոլորտներում ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունն ամրագրող մի շարք փաստաթղթեր:ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի 2018թ. հունվար-փետրվար ամիսներին՝ ՌԴ Սոչի քաղաքում: Tweet Դիտում՝ 2899