«Գլոբալ Կրեդիտ»-ն ու Dasaran-ը համատեղ նախագիծ են մեկնարկել

23.10.2017 | 12:42 Գլխավոր էջ / Նորություններ /
#Գլոբալ Կրեդիտ #Dasaran
Մեկնարկել է «Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ-ի եւ Dasaran կրթական ծրագրի համատեղ՝ «Գիտելիքից մինչեւ հաջողություն» ծրագիրը:

Dasaran-ում նշել են, որ հոկտեմբերի 13-ին մեկնարկած ծրագրի նպատակն է հայ աշակերտներին ցուցադրել, թե ինչպես գիտելիքը դարձնել հմտություն եւ այն օգտագործել հաջողության հասնելու ճանապարհին՝ հայ գործարարների օրինակներով։

Նախագծին մասնակցում են հայկական ծագում ունեցող 20-25 ՏՏ ոլորտի հայտնի ստարտափների հիմնադիրներ, որոնք կարճ հարցազրույցների տեսքով ներկայացնում են իրենց մանկության երազանքները, սեփական բիզնեսի ստեղծման ճանապարհը, դժվարությունների եւ խնդիրների հաղթահարումը եւ կիսվում են զարգացման հետագա ծրագրերով:

«Այս գաղափարը ստեղծվել է բացառապես մի նպատակով՝ ցույց տալ Հայաստանի աշակերտներին, որ նրանք կարող են հասնել հաջողության, եթե ունեն կրթություն եւ գիտեն՝ ինչպես կիրառել իրենց գիտելիքները: Պետք չէ գնալ Հայաստանից հաջողության հասնելու համար. դա հնարավոր է նաեւ Հայաստանում՝ անկախ բնակավայրից եւ սոցիալական կարգավիճակից»,- ասել է Dasaran կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը:

«Պատանիների երազանքներն այսօր հիմնականում կապված են թվային աշխարհի, թվային ոլորտի հետ, իսկ Հայաստանն ինքնին հանդիսանում է ՏՏ ոլորտի հզոր ուղեղների մի մեծ աղբյուր, որի արտահոսքը դեպի արտասահման մեր երկրի համար ճակատագրական խնդիր է դարձել։ Հայաստանի ՏՏ ոլորտի աճն ու զարգացումը մեր երկրի կարեւորագույն ներուժներից մեկն է, որը պետք է ամեն կերպ խրախուսել: Յուրաքանչյուրս այս կամ այն կերպ պիտի ներդրում անենք եւ հետեւողական լինենք արդյունքներին: Այս նախագծին աջակցումը մեր կազմակերպության կողմից ՏՏ ոլորտի զարգացումը կարեւորող առանցքային քայլերից մեկն է»,- նշել է «Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ-ի տնօրեն Լուիզա Իգրարյանը:

Menu Group ընկերության հիմնադիր Վահան Քերոբյանն էլ նկատել է, որ պետք չէ գնալ Սան Ֆրանցիսկո կամ Նյու Դելի՝ կարելի է լինել Բաղանիս գյուղում եւ փոխել աշխարհը՝ ունենալով գիտելիք, համակարգիչ եւ ինտերնետ։

«Շատ օրինակներ կան, երբ մարդիկ հանրակացարանի սենյակից փոխում են աշխարհը։ Օրինակ, Facebook-ը ստեղծվել է հանրակացարանի սենյակից։ Պետք է շատ լավ սովորել եւ լինել համարձակ, լինել օպտիմիստ եւ ամենակարեւորը համառ»,- նշել է գործարարը:

Հարցազրույցները հրապարակվելու են 14 օրը մեկ՝ Dasaran.am էլեկտրոնային հարթակում:
Դիտում՝ 2414
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW