Կառավարման բրիտանական լավագույն փորձը ներկայացվել է Երեւանում

10.10.2017 | 12:43 Գլխավոր էջ / Նորություններ /
#IAB #Ջուդիթ Ֆարնուորթ #Արաքսյա Մարտիրոսյան
Հայաստանի մի շարք ոլորտների ներկայացուցիչներ այսօր հնարավորություն են ունեցել ծանոթանալ կառավարման եւ առաջնորդության բրիտանական եւ միջազգային լավագույն փորձին։

Հայ-բրիտանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում՝ Բրիտանական դեսպանատունը՝ Բիզնեսի միջազգային ակադեմիայի (IAB) հետ համագործակցությամբ, այսօր կազմակերպել էր «Կառավարման եւ առաջնորդության առաջին տարեկան համաժողովը», որի նպատակն էր աջակցել մասնավոր եւ հանրային հատվածի զարգացմանը։

Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը նշել է, որ միջոցառումը մասնակիցներին կօգնի ավելի լավ հասկանալ առաջնորդական մոտեցման եւ ճիշտ կառավարման ամբողջ ներուժը։

«Մենք որոշել ենք հիմա կազմակերպել նման միջոցառում, քանի որ Հայաստանի հանրային եւ մասնավոր հատվածներում փոփոխությունների որոշակի դինամիկա ենք նկատում։ Ցանկանում ենք խթանել կառավարման եւ առաջնորդական հմտությունները հայ մասնագետների շրջանում՝ կիսելով բրիտանական փորձը»,-ասել է նա՝ մատնանշելով CMI որակավորումը, որն անցյալ տարի է Հայաստան բերվել։

Գնահատելով հայ-բրիտանական դիվանագիտական հարաբերությունները՝ դեսպանը նշել է, որ դրանք «ավելի են ամրանում եւ խորանում»:

«Մենք պատրաստակամ ենք օժանդակել Հայաստանի բարեփոխումներին։ Գիտենք, որ ՀՀ իշխանությունների մոտ լուրջ պատրաստակամություն կա ներդրումային ոլորտի բարելավման համար եւ պատրաստ ենք աջակցել՝ կանխատեսելի եւ թափանցիկ միջավայր ստեղծելու համար։ Կարծում եմ՝ ճիշտ ուղղության վրա ենք»,- ասել է Ջուդիթ Ֆարնուորթը։

Բիզնեսի միջազգային ակադեմիայի (IAB) հիմնադիր տնօրեն Արաքսյա Մարտիրոսյանն էլ նշել է, որ առաջին անգամ կազմակերպվող միջոցառումը միտում ունի դառնալ ամենամյա։

«Մենք ցանկանում ենք վեր հանել այն բոլոր խնդիրները, որոնք կան միջազգային շուկայում Հայաստանի ինտեգրման համար։ Մենք պետք է կառավարման ճիշտ որակ ունենանք՝ արագ զարգացող աշխարհին համընթաց քայլելու համար»,-ասել է նա։

Մեկօրյա համաժողովին մասնակցել են միջազգային եւ տեղացի բանախոսներ եւ դասընթացավարներ, շուրջ 100 կառույցների ղեկավարներ եւ 50 ուսանողներ:
Դիտում՝ 8003
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW