ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Երեւանում «Հայկական գյուղ» ազգագրական թաղամասի կառուցապատման մրցույթին հայտ ներկայացրած միջազգային չորս ընկերությունների ներկայացուցիչներին: Կարեն Կարապետյանն ասել է, որ կառավարությունը պատրաստ է քննարկել ընկերությունների բոլոր առաջարկությունները՝ կապված ծրագրի հետ, եւ վստահ է, որ «Հայկական գյուղ»-ը լինելու է տնտեսապես գրավիչ հաջող բիզնես ծրագիր: «Այն Հայաստանի զբոսաշրջության ոլորտ կբերի նոր փոփոխություններ: Երեւան ժամանողին կկարողանանք համապարփակ ներկայացնել հայկական աշխարհը, այդ թվում՝ Սփյուռքը, մեր պատմությունը, միջավայրը՝ ըստ տարածաշրջանների ու քաղաքների: Թաղամասը կարող է դառնալ Հայաստանի այցեքարտը եւ իր լայն ենթակառուցվածքներով կպատասխանի զբոսաշրջիկների սպասելիքներին»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ ակտիվ քննարկումներ են ընթանում ներդրողների հետ: Թաղամասի կառուցապատման մրցույթն ամփոփվելու է նոյեմբերի սկզբին: Ծրագիրը, որը գնահատվել է 100-150 մլն դոլար, նախատեսվում է ստեղծել Հայաստանի տարբեր տարածաշրջանների քաղաքային եւ գյուղական բնակավայրերի ազգային ավանդույթներին ու պատմականորեն ձեւավորված ճարտարապետական դիմագծին բնորոշ ազգագրական թաղամաս՝ բնակելի տներով, հյուրանոցներով (հյուրատներով), ինչպես նաեւ նկարչությունն ու ազգային արհեստները ներկայացնող ցուցասրահներով: Թաղամասն ունենալու է կինոթատրոն, այգի, համերգասրահ, թարմ տեղական արտադրանք առաջարկող բացօթյա շուկա եւ այլ ենթակառուցվածքներ: Banks.am-ը նշում է, որ թաղամասը նախատեսվում է կառուցել «Դալմա Գարդեն Մոլ» առեւտրի կենտրոնին հարող տարածքում: Tweet Դիտում՝ 3339