«Ալեքս տեքստիլ» ընկերությունը հագուստի նոր արտադրամաս է հիմնել, որի բացմանը ներկա է եղել նախագահ Սերժ Սարգսյանը: Ինչպես հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը, Սերժ Սարգսյանին «Ալեքս տեքստիլ»-ի հիմնադիրները ներկայացրել են իրականացվող աշխատանքներն ու զարգացման ծրագրերը: Նորաբաց արտադրամասում շրջայցից հետո նախագահը ծանոթացել է կարի ֆաբրիկայի նոր կառուցվող մասնաշենքի նախագծին եւ դրա համաձայն իրականացվելիք աշխատանքներին:Շուրջ 35 հազ. քմ ընդհանուր մակերեսով կարի ֆաբրիկայի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2017թ. մարտին: Նախնական հաշվարկով՝ կատարվելու է շուրջ €7 մլն-ի ներդրում, որի արդյունքում ֆաբրիկան կունենա շուրջ 3000 նոր աշխատատեղ։ Նախագահը եղել է նաեւ ընկերության տրիկոտաժի կարի ընդլայնված արտադրամասում, որտեղ ներգրավվել է շուրջ 470 նոր աշխատող: Ավելի քան €1 մլն-ի ներդրումը կատարել է «Հայաստանի ներդրողների ակումբ»-ում ներգրավված Սամվել Կարապետյանը: «Ալեքս տեքստիլ»-ը գործարկել է նաեւ գործվածքի նոր արտադրամաս, որտեղ ավելի քան €2 մլն-ի ներդրում են կատարել Սամվել Կարապետյանը եւ ֆրանսահայ գործարարներ, հայր եւ որդի Ջիջիրյանները։ Ընկերության զարգացման ծրագրերի հետ կապված՝ նախագահին ներկայացրել են, որ նախատեսվում է 2018-ին էապես ընդլայնել «Ալեքս տեքստիլ»-ի արտադրության ծավալները: Մասնավորապես, ընթացքի մեջ են Արտաշատում կտորի նոր ֆաբրիկայի ստեղծման աշխատանքները. շուրջ 30 հազ. քմ մակերես ունեցող շենք-շինություններով Արտաշատի նախկին կարի ֆաբրիկան «Ալեքս տեքստիլ» ընկերությունը ձեռք է բերել 2017-ին: Վերակառուցման աշխատանքներն արդեն մեկնարկել են, իրականացվելու է շուրջ €25 մլն-ի ներդրում, որի արդյունքում կտորի ֆաբրիկան կունենա օրական նվազագույնը 15 տոննա արտադրողականություն եւ շուրջ 400 աշխատատեղ: Ընթացքի մեջ են նաեւ Արտաշատում սրբիչի ու տնային տեքստիլի արտադրամասերի ստեղծման աշխատանքները. վերակառուցվում են շուրջ 20 հազ. քմ մակերեսով Արտաշատի մեխանիկական գործարանի շենք-շինությունները: Ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի շուրջ €10 մլն, նախնական շրջանում այս ֆաբրիկան կունենա շուրջ 500 աշխատակից: «Ալեքս տեքստիլ» ընկերությունը Մասիս քաղաքում ձեռք է բերել շուրջ 50 հազ. քմ տարածքով շենք-շինություններ, որոնց վերակառուցման արդյունքում կստեղծվի նաեւ բամբակե թելի ֆաբրիկա։ Այդ ուղղությամբ աշխատանքները, պատասխանատուների հավաստմամբ, նույնպես ընթացքի մեջ են: Tweet Դիտում՝ 8831