Երեւան, 7 հունիսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. ՀՀ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը մանսակցում է Սանկտ-Պետերբուրգի 16-րդ Միջազգային բանկային կոնգրեսին: ԿԲ մամլո ծառայությունից ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին, որ Տիգրան Սարգսյանը կոնգրեսին ելույթ կունենա “Ֆինանսական միջնորդության խնդիրները” թեմայով: Կոնգրեսի ընթացքում քննարկվելու են բանկերի կապիտալիզացիային, կայունությանը և մրցունակությանն առնչվող խնդիրներª մասնավորապես, կապիտալիզացիային հասնելու նպատակներն ու միջոցները, բանկերի կայունության չափումը, գնահատումը և պահպանումը, բանկերի մրցունակության հաջողության գործոնները, և բանկային գործունեության զարգացման գործում թափանցիկության կարևորությունը: Հունիսի 8-10-ը ԿԲ նախագահը գտնվելու է Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում, որտեղ մասնակցելու է ԱՄՀ/ՀԲ Հոլանդիայի ենթախմբի երկրների համաժողովին: Հանդիպման ընթացքում մասնակից երկրների ֆինանսական ոլորտի տարբեր պատասխանատուներ ներկայացնելու են հետևյալ թեմաներով զեկույցներ. “ԱՄՀ և ՀԲ ընթացիկ հարցերը”, “Ինչպես բարձրացնել երկրների մրցունակությունը. ենթակառուցվածքային ասպեկտները սոցիալական կարիքների հետ կապող բարեփոխումների առջև կանգնած մարտահրավերները”, “Հանրային-մասնավոր փոխգործակցությունը և ֆիսկալ ռիսկերը”, “Կառավարության դերը ֆինանսական ծառայությունների հասանելիության գործում”, “Դրամավարկային քաղաքականության մարտահրավերներն աճող կապիտալ հոսքերի միջավայրում”: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 8276