Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը, լինելով Հայաստանում ռուսական «Միր» վճարային համակարգի առաջին գործընկերներից, «Արքա-Միր» նոր չիպային քարտ է թողարկել:Ինչպես հայտնել են բանկում, քարտը Հայաստանի տարածքում գործելու է որպես «Արքա» քարտ, իսկ Ռուսաստանում՝ «Միր» քարտ:«Նոր «Արքա-Միր» քարտը թույլ կտա առավել մատչելի պայմաններով իրականացնել գործարքներ Ռուսաստանի տարածքում, ինչպես նաեւ օգտագործել այն 24/7 ռեժիմով «շտապ» դրամական փոխանցումների իրականացման համար: Մասնավորապես, այսուհետ Ռուսաստանից օրվա ցանկացած ժամին հնարավոր է «Միր» վճարային համակարգի քարտեր սպասարկող եւ կանխիկ գումարի մուտքագրման (Cash-in) հնարավորություն ունեցող բանկոմատների միջոցով գումար մուտքագրել քարտին եւ հաշված րոպեների ընթացքում ստանալ այն Հայաստանում կամ հակառակը»,- ասված է հաղորդագրությունում: Բանկում նշել են, որ այս տարբերակով շուրջօրյա փոխանցումները հնարավոր են դառնում հիմնական եւ կից «Արքա-Միր» քարտեր պատվիրելու շնորհիվ, որոնց դեպքում քարտային հաշվեհամարը մեկն է: Փոխանցում կատարող անձը կարող է Ռուսաստանում գումար փոխանցել իր մոտ գտնվող քարտին, իսկ փոխանցում ստացող անձը՝ գումարը կանխիկացնել Հայաստանում՝ օգտագործելով իր կից քարտը: «Արքա-Միր» քարտերը հաճախորդներին տրամադրվելու են առանց առաջին տարվա սպասարկման միջնորդավճարի, ինչը հնարավորություն կտա առանց լրացուցիչ ծախսերի գործնականում փորձել քարտի ընձեռած հնարավորությունները: «Նոր քարտատեսակի առանձնահատկություններից է նաեւ «Միր» վճարային համակարգի սպասարկման ցանցում եւ բանկոմատներում քարտով կատարված գործառնությունների ձեւակերպման ժամանակ կիրառվող փոխարժեքը, եթե գործարքը կատարվել է քարտի արժույթից տարբերվող արժույթով: Ի տարբերություն այլ վճարային համակարգերի՝ այս դեպքում հիմք է հանդիսանում գործարքի կատարման օրվա փոխարժեքը, ինչը հնարավորություն է տալիս հաճախորդներին պաշտպանվել արտարժույթի փոխարժեքների կտրուկ տատանումներից»,- տեղեկացրել են բանկում:«Միր» քարտերն արդեն սպասարկվում են Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի բանկոմատներով: Ինչ վերաբերում է բանկի հետ համագործակցող առեւտրի եւ սպասարկման կետերում տեղադրված POS տերմինալներով քարտերի սպասարկմանը, ապա բանկն արդեն իրականացնում է գործող պայմանագրերի վերակնքում եւ «Միր» քարտերի սպասարկման ակտիվացում: Tweet Դիտում՝ 6282