«Լիդիան Արմենիա»-ի ջանքերով Ամուլսարի հարակից Գնդեվազ համայքում բացվել է մոտ 20 տարի չգործող ինքնահոս ոռոգման ջրագիծը, որը կոռոգի ավելի քան 200 հա գյուղատնտեսական նշանակության անջրդի հողատարածքներ։Ընկերության տարածած հաղորդագրության համաձայն՝ անցած երկու տարիներին ընկերությունը ձեռք էր բերել Գնդեվազի այգիների մոտ 20 տոկոսի տարածքը՝ Ամուլսարի ծրագրի ենթակառուցվածնքերի տեղադրման համար։ «Գյուղացիները վաճառելով իրենց հողամասերը, չնայած գումար են վաստակել, բայց մյուս կողմից, որոշ դեպքերում զրկվել են իրենց կենսամիջոցներից։ Ընկերությունը չի ցանկանում սահմանափակվել միայն պայմանագրային կարգով հողի դիմաց վճարելով, այլ նաեւ նպատակ է հետապնդում ստեղծել ոռոգման հնարավորություն եւ վերականգնել այգեգործությունը գյուղի մեկ այլ հատվածում»,- ասված է հաղորդագրությունում:17 կմ երկարությամբ ջրագիծը հիմնավորապես վերանորոգված է, որի համար ընկերությունը ծախսել է $500 հազ.։ Այդ ջրից կօգտվի ավելի քան 50 տնտեսություն՝ ինչպես տնամերձ հողամասերի, այնպես էլ գյուղատնտեսական նշանակության հողերի ոռոգման համար։ Գնդեվազի հյուսիսային հատվածի երբեմնի բերրի այգիները կվերակագնվեն, ինչպես նաեւ ջրագծի շնորհիվ Գնդեվազի հարակից լճում մշտապես կկուտակվի ավելցուկային ջուր, որը գյուղացիները կկարողանան օգտագործել՝ ըստ անհրաժեշտության:«Արխաշան ջրագիծը պետք է անպայման գործի, այն մեր գյուղի հույսն ու հավատն է եւ գյուղի կայուն մնալու երաշխիքը։ Մենք 2 տարի առաջ դիմեցինք Լիդիան Արմենիա ընկերությանը, եւ չնայած վերանորոգումը բարդ էր եւ ծախսատար, ընկերությունը ջրագիծը վերկանգնեց։ Հիմա արդեն կարող ենք վերականգնել Գնդեվազի ծիրանի այգիները, որոնց մի մասը վերացել էին ջրագծի խափանման եւ ոռոգման ջրի անբավարարության հետեւանքով»,- ասել է Գնդեվազ համայնքի ղեկավար Հայրապետ Մկրտչյանը:«Լիդիան Արմենիա»-ի կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանն էլ նշել է, որ ջրագծի շնորհիվ Գնդեվազը կարող է վերականգնել իր ծիրանի այգիները այն տարածքում, որտեղ եղել են բերքառատ այգիներ դեռեւս խորհրդային տարիներին: «Հանքարդյունաբերությունը, ճիշտ իրականացման դեպքում չի խանգարում գյուղատնտեսությանը: Գյուղատնտեսության զարգացմանը խանգարում է ջրի բացակայության եւ գյուղացու աշխատանքային միջոցներ եւ հարմար պայմաններ չունենալու հանգամանքը,- ասել է նա, -Մենք նպատակ ունենք նպաստել գյուղատնտեսական բարենպաստ պայմանների ստեղծմանը եւ հույս ունենք, որ տարիների ընթացքում ակնհայտ կդառնա, որ Լիդիանի ներկայությունը նպաստում է տարածաշրջանում բոլոր ուղղություններով սոցիալ-տնտեսական զարգացմանը»։«Լիդիան Արմենիա»-ի աջակցությամբ ընդլայնվել է նաեւ Գնդեվազում 4 տարի առաջ ստեղծված չորանոցը: Ընկերությունը ներդրել է արեւային չորացման տեխնոլոգիա: Փոքր բիզնեսի զարգացմանն աջակցել է Ամուլսարի ծրագրի ֆինանսավորող կազմակերպություններից մեկը՝ Ամերիկյան Ռեսորս Կապիտալ Ֆոնդս (RCF) ընկերությունը՝ չորանոցի արեւային սեկտորի գործարկման համար տրամադրելով $18 000:Կոոպերատիվի մենեջեր Սարգիս Մանուկյանի խոսքով՝ ներկայում չորանոցն ունի գործարկվող երկու տեխնոլոգիական տարբերակ՝ էլեկտրական եւ արեւային, ընդ որում միայն արեւային սեկտորում՝ 1,5 տոննա թարմ միրգ, բանջարեղեն, կանաչեղեն եւ խոտաբույսեր չորացնելու հնարավորությամբ։ Նա նշել է, որ իրենց չրեղենը պատրաստվում է առանց քիմիկատների, արտադրանքը մեծ պահանջարկ է վայելում շուկայում, սկսել են արդեն իրականացնել մեծածախ առեւտուր եւ արտահանում։«Այս նորամուծությունը փոքր բիզնեսին արտադրանքի առավել մեծ տեսականի ապահովելու հնարավորություն է տալիս՝ առաջիկայում խոստանալով բիզնես շրջանառության աճ, նոր աշխատատեղեր եւ էկոլոգիապես մաքուր չորացված մթերքի արտադրություն, որը շուկայում վայելում է բավականին մեծ պահանջարկ։ Սա հենց կարեւոր օրինակներից մեկն է, երբ խոշոր ներդրողը նեդրում կատարելով հանքարդյունաբերական ծրագրում, զուգահեռաբար օգնում է նաեւ այլ ճյուղերի, մասնավորապես գյուղատնտեսության զարգացմանը»,- ասել է «Լիդիան Արմենիա» ընկերության կայուն զարգացման մենեջեր Նառա Ղազարյանը: Tweet Դիտում՝ 3135