«Հյուսիս-հարավ»-ն ավարտին կհասցվի, վստահեցրել է նախարարը
26.09.2017 | 14:28 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Photolure

Այս մասին նախարարն ասել է լրագրողների հետ հանդիպմանը՝ ներկայացնելով մեկ տարվա ընթացքում նախարարության կատարած աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը:
««Հյուսիս-հարավ»-ի շինարարությունը շարունակվելու է: Հայաստանին պետք է այս ճանապարհը, քանի որ ունենում ենք հյուսիսը հարավին կապող բարձրակարգ ճանապարհ: Դրա որակից է կախված տուրիստական եւ բեռնափոխադրման հոսքի ավելացումը, ինչպես նաեւ հարակից տարածքներում բիզնես ակտիվության բարձրացումը»,- նշել է նախարարը:
Վահան Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ ճանապարհի «Հարավ» հատվածի (Արտաշատ-Մեղրի հատված) իրագործման ծրագրում կառավարությունը մտադիր է մասնավոր ընկերության ներգրավել. հետաքրքրություն կա հիմնականում արտասահմանյան ընկերությունների կողմից: Նախատեսվում է որոշ հատվածներում վճարովի ավտոճանապարհ կառուցել, ինչը 2-3 ժամով կկրճատի երթուղու տեւողությունն ու կբարձրացնի անվտանգությունը: Վճարովի հատվածներին զուգահեռ՝ կգործի անվճարը: Նախնական գնահատականներով՝ միայն «Հարավ»-ի արժեքը կկազմի շուրջ $1,5 մլրդ:
Հարցին, թե արդյոք այդ ճանապարհաշինությունը փողերի լվացման առիթ չի դառնա, նախարարը վստահեցրել է, որ իրականացվում է պատշաճ վերահսկողություն:
Անդրադառնալով Լարս ավտոճանապարհին՝ նախարարը տեղեկացրել է, որ վրացական կողմն ավելացրել է ձյուն մաքրող տեխնիկայի քանակը: Բացի այդ, արդեն նախագծային աշխատանքներ են ընթանում ճանապարհի առավել խնդրահարույց հատվածում թունելի կառուցման համար. այն կմեկնարկի հաջորդ տարվանից եւ կտեւի 3 տարի:
Վահան Մարտիրոսյանը խոսել է նաեւ Լարսի այլընտրանքի մասին:
«Այլընտրանքային ճանապարհը միայն ցամաքայինը չէ. նման մի այլընտրանք է լաստային ճանապարհը, որը «Հարավկովկասյան երկաթուղի»-ն կազմակերպել է բավական հարմար գնային առաջարկներով: Ինչ վերաբերում է ցամաքային այլընտրանքին, ապա դա գտնվում է երկու այլ պետությունների տարածքում, մենք կարող ենք միայն աշխատել նրանց հետ եւ գտնել ինչ-որ լուծում, սակայն չենք կարող առաջարկ ներկայացնել Վրաստան-Ռուսաստան ավտոճանապարհի կառուցման համար»,- ընդգծել է նա:
Նախարարը նաեւ տեղեկացրել է, որ մշակվել է միասնական երթուղային ցանց ստեղծելու տեխնիկական առաջադրանքը եւ առաջիկայում կգործարկվի պիլոտային ծրագիրը:
«Ունենալու ենք միջմարզային եւ միջքաղաքային միասնական տրանսպորտային ցանց, որտեղ կներառվեն նաեւ այն մարզերն ու համայնքները, որոնք ներկայում չունեն տրանսպորտային սպասարկում: Ներդրվելու է միասնական տոմսարկղի գաղափարը, լինելու են մեկ կամ երկու օպերատորներ, «գծատեր» հասկացությունը վերանալու է»,- խոստացել է նախարարը:
Միեւնույն ժամանակ, Վահան Մարտիրոսյանը բնակչությանը կոչ է արել, անվտանգության նկատառումներից ելնելով, օգտվել միջպետական միայն կանոնավոր ուղեւորափոխադրողների ծառայություններից, որոնց տոմսերը վաճառվում են ավտոկայաններում:
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: