Հայաստանը ցանկանում է օգտագործել նանոտեխնոլոգիաների ոլորտում Իրանի փորձը

22.09.2017 | 12:58 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նանոտեխնոլոգիաներ #Հայաստան-Իրան
Այսօր Երեւանում մեկնարկել է նանոտեխնոլոգիաների ոլորտում հայ-իրանական երկօրյա համաժողովը, որի շրջանակում քննարկվում են երկու երկրներում բարձր տեխնոլոգիաների եւ ինովացիոն ոլորտների քաղաքականությանն առնչվող ծրագրեր:

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ նանոտեխնոլոգիաների ոլորտում Իրանի հաջողությունները ոգեւորիչ են:

«Համաժողովի ընթացքում կներկայացվեն նոր տեխնոլոգիաներ, որոնք կիրառական նշանակություն ունեն տնտեսության մեջ: Շատ կարեւոր է, որ միջոցառումը հարթակ դառնա բիզնեսի եւ գիտության ոլորտների համար: Գիտությունը պետք է հասկանա գործարար աշխարհի պահանջները, որպեսզի դրանք բավարարելու նպատակով կիրառի իր ներուժը: Եթե գիտությունն ու բիզնեսը անջատ են աշխատում, ապա գիտությունը մնում է զուտ հոդվածային մակարդակի վրա, իսկ կիրառական մասը մնում է ներկրվող տեխնոլոգիաների հույսին: Ցանկանում ենք օգտագործելով հարեւան երկրի փորձը, սեփական մշակումներով նպաստել տեղական բիզնեսի զարգացմանը»,-նշել է Էմիլ Տարասյանը:

Նրա խոսքով, նանոտեխնոլոգիաների շնորհիվ հնարավորություն է ստեղծվում մինիմալ ծախսեր կատարելով՝ նվազեցնել արտադրանքի ծախսատարությունը եւ ստանալ ավելի բարձր որակ:

«Սա հնարավորություն կտա Հայաստանում զարգացնել արտադրական եւ գիտական ուղղությունները: Իրանը նանոտեխնոլոգիաների ոլորտը հռչակել է որպես գերակա ուղղություն եւ 2000-ականների սկզբից սկսել է զարգացնել ինչպես բուհական համակարգը, այնպես էլ գիտական ոլորտը: Դրական միտում է այն, որ մեր հարեւան երկիրը նման հաջողություններ ունի ինչպես բուն գիտության, այնպես էլ կիրառական հատվածում: Իրանում ինքս եմ ականատես եղել, թե ինչ ինկուբատորներ եւ տեխնոպարկեր են գործում, եւ հիմնականում երիտասարդությունն է ներգրավված նանոտեխնոլոգիաների ոլորտում: Գործում են դպրոցական, բուհական լաբորատորիաներ նանոտեխնոլոգիաների ոլորտում»,- ընդգծել է Էմիլ Տարասյանը:

Համաժողովի կազմակերպիչն է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը՝ Իրանի նանոտեխնոլոգիական նախաձեռնությունների խորհրդի հետ համատեղ: Կազմակերպմանն օժանդակում է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը, որը համաֆինանսավորվում է Եվրոպական Միության եւ Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից:
Դիտում՝ 1892
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW