Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրենի պաշտոնն այս տարվա սեպտեմբերի 1-ից ստանձնել է Սիլվի Բոսութղոն՝ փոխարինելով 2014 թ. սեպտեմբերի 1-ից այս պաշտոնը զբաղեցրած Լորա Բեյլիին:Այսօր ՀԲ Հարավային Կովկասի, Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Մերսի Թեմբոնի գլխավորած պատվիրակությունը Երեւանում հանդիպումներ է ունեցել ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի հետ եւ ներկայացրել ՀԲ երեւանյան գրասենյակի նորանշանակ տնօրենին: Սիլվի Բոսութղոն Համաշխարհային բանկում աշխատում է 1998-ից: Նա պաշտոններ է զբաղեցրել եւ ղեկավարել տարբեր կառույցներ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում՝ նպաստելով մասնավոր եւ ֆինանսական հատվածների զարգացմանը: Եղել է Կենտրոնական Ասիայի երկրների համակարգողը, իսկ մինչ Հայաստանում նշանակվելը՝ աշխատել է որպես ծրագրի ղեկավար Ռուսաստանում:2012-ից Սիլվի Բոսութղոն Ռուսաստանում ղեկավարել է ներդրումների միջավայրում Համաշխարհային բանկի ներգրավվածությունը եւ որպես բազմաճյուղ ծրագրի ղեկավար աջակցել է ռուս պաշտոնյաների հետ բանկի ներգրավմանը եւ երկխոսությանը՝ կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության, տրանսպորտի եւ գյուղատնտեսության ոլորտներում:Նախքան Համաշխարհային բանկում աշխատանքի անցնելը Սիլվի Բոսութղոն աշխատել է մասնավոր հատվածում՝ ԱՄՆ-ում տեղակայված անցումային տնտեսությունների զարգացման խնդիրներում մասնագիտացած կառավարման եւ խորհրդատվական միջազգային ընկերություններում:ՀԲ երեւանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարը ֆրանսիացի է, մագիստրոսի կոչումը ստացել է միջազգային հարաբերություններ եւ տնտեսագիտության մասնագիտությամբ Ջոն Հոփքինսի համալսարանի Առաջադեմ միջազգային ուսումնասիրությունների դպրոցից (Վաշինգտոն, ԱՄՆ), ինչպես նաեւ ավարտել է Քաղաքական գիտությունների ֆրանսիական համալսարանը (Sciences-Po Paris): Tweet Դիտում՝ 4400