Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Արարատբանկին $10 մլն-ին համարժեք դրամով երկու վարկ է տրամադրել:Համապատասխան պայմանագիրն այսօր ստորագրել են Արարատբանկի վարչության նախագահ եւ գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանն ու ՎԶԵԲ-ի նախագահ Սումա Չակրաբարտին:Բանկը ստացված միջոցներն ուղղելու է տեղական միկրո, փոքր ու միջին ձեռնարկությունների վարկավորմանը՝ հատկապես գյուղական վայրերում եւ կանանց շրջանում:Կանանց կողմից ղեկավարվող ՓՄՁ-ներին ֆինանսավորումը տրամադրվում է ՎԶԵԲ-ի՝ «Կանայք բիզնեսում» ծրագրի շրջանակում:Ծրագիրը համատեղում է ֆինանսավորումը, տեխնիկական օժանդակությունը, ռիսկերի նվազեցումը՝ ծածկելով տեղական ֆինանսական հաստատությունների առաջին կորուստը, ինչպես նաեւ բիզնես խորհրդատվական ծառայություններ է տրամադրում՝ աջակցելու կանանց կողմից ղեկավարվող ՓՄՁ-ներին: «Արարատբանկի հետ պայմանագրի կնքումն ընդգծում է ՎԶԵԲ-ի հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի ամբողջ տարածքում մասնավոր բիզնեսի զարգացմանն ու ձեռներեց կանանց վարկավորման խթանմանը: Լավ աշխատող մասնավոր հատվածն առողջ տնտեսության հիմքն է»,- նշել է Սումա Չակրաբարտին՝ հույս հայտնելով, որ տրամադրված միջոցները կօգնեն ձեռներեց կանանց բիզնեսի բարգավաճմանը:Աշոտ Օսիպյանը եւս բարձր է գնահատել ՎԶԵԲ-ի հետ տասնամյա համագործակցությունը:«Ձեռներեց կանայք միշտ եղել են Արարատբանկի ուշադրության կենտրոնում: Կանայք պատասխանատու վարկառուներ են, եւ մենք մեր պորտֆելում մինչ օրս որեւէ խնդիր չենք ունեցել կին հաճախորդների հետ: Նախատեսում ենք տրամադրել 11% իրական տոկոսադրույքով վարկեր կին գործարարներին՝ թեթեւ արդյունաբերության, սպասարկման, բժշկական ծառայության, տուրիզմի եւ այլ ոլորտներում: Մեր ուսումնասիրություններով՝ արդեն ունենք շուրջ 270 մլն դրամի հայտ»,- նշել է Արարատբանկի ղեկավարը:Banks.am-ի հարցին, թե ինչպես է բանկը պատրաստվում դիմակայել ՓՄՁ ոլորտում շուկայի սուր մրցակցությանը, Աշոտ Օսիպյանը նշել է, որ «պայքարում հաղթելու են այն բանկերը, որոնք ունենալու են համապատասխան տեխնոլոգիաներ»:«Երեք տարի առաջ սկսել ենք յուրաքանչյուր հաճախորդի համար պրոդուկտի անհատական դիզայն անել, որպեսզի մեր հաճախորդներն ունենան լիարժեք կոմֆորտ՝ վարկավորման արժույթի, վերադարձելիության ժամկետի հետ կապված: Մեզ համար կարեւոր է ամեն մի հաճախորդ»,- ընդգծել է նա: Tweet Դիտում՝ 3661