Ամերիաբանկը հայտարարել է «Միր» ռուսաստանյան ազգային վճարային համակարգի քարտերի սպասարկման մեկնարկի մասին՝ բանկի բոլոր բանկոմատները, ներառյալ մարզերում տեղակայվածները, արդեն սպասարկում են «Միր» քարտերը: Ինչպես նշել են բանկում, Հայաստանի եւ Ռուսաստանի ազգային վճարային համակարգերի («Միր» եւ «ԱրՔա») ինտեգրման գործընթացում Հայաստանից որպես փոխհաշվարկային բանկ հանդես է գալիս Ամերիաբանկը: «Ամերիաբանկը նախաձեռնել է «Արքա» քարտերի թողարկման գործընթացը, որը հնարավորություն կընձեռի սպասարկվելու Ռուսաստանի անկանխիկ սպասարկման եւ կանխիկացման կետերում: Շուտով այդ քարտերը Ամերիաբանկում հասանելի կլինեն հաճախորդներին: Այժմ Ամերիաբանկի կողմից տարվում են ակտիվ աշխատանքներ բանկի POS տերմինալների միջոցով «Միր» քարտերի սպասարկման գործընթացն ավարտին հասցնելու ուղղությամբ: Արդյունքում` մի շարք հյուրանոցներ, խոշոր առեւտրային, ժամանցի եւ սպասարկման կետեր, որտեղ տեղադրված են Ամերիաբանկի POS տերմինալները, հնարավորություն կունենան սպասարկել «Միր» վճարային համակարգի քարտապաններին»,- ասված է հաղորդագրությունում: Բանկում հույս են հայտնել, որ Հայաստանի եւ Ռուսաստանի ազգային վճարային համակարգերի ինտեգրումը կնպաստի երկկողմանի զբոսաշրջության զարգացմանը, ինչպես նաեւ կդարձնի առավել ճկուն ու հարմարավետ գործարար եւ անձնական նպատակներով կատարվող քարտային գործարքները: Tweet Դիտում՝ 13246