Շուկայում կողմնորոշվելու խորհուրդներ՝ սեպտեմբերի 1-ին ընդառաջ

30.08.2017 | 13:25 Գլխավոր էջ / Նորություններ /
#Շուկայի վերահսկողության տեսչական մարմին
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը, սեպտեմբերի 1-ին ընդառաջ, շուկայում ճիշտ կողմնորոշվելու նպատակով որոշ խորհուրդներ է հրապարակել:

«Հաշվի առնելով երեխաների եւ դեռահասների համար նախատեսված որոշակի ապրանքների նկատմամբ պահանջարկի կտրուկ մեծացումը, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունների կողմից բարձրացված խնդիրը, որ շուկայում առկա են բազմաթիվ դեպքեր, երբ վաճառվում է առանց որակի հավաստման եւ մակնշման ապրանք, հայտնում ենք, որ խնդիրը գտնվում է տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում, եւ այն հաշվի է առնվելու ստուգումների հաջորդ տարվա ծրագրի կազմման ժամանակ»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրությունում:

Տեսչական մարմինը տնտեսվարողներին հորդորում է հետեւել ոլորտը կարգավորող տեխնիկական կանոնակարգերին եւ վերացնել բացթողումները, իսկ սպառողներին՝  վաճառողից պահանջել որակի հավաստման փաստաթուղթ՝ պետական գրանցում, սերտիֆիկատ, հայտարարագիր։

Կոչ է արվում ուշադրություն դարձնել հայերեն մակնշման առկայությանը, որը պետք է պարունակի հետեւյալ տեղեկությունները՝

-  արտադրանքը պատրաստող երկրի անվանումը,
- պատրաստողի (պատրաստողի կողմից լիազորված անձի), ներմուծողի, դիստրիբյուտորի անվանումն ու գտնվելու վայրը,
- արտադրատեսակի անվանումն ու տեսակը (նշանակությունը),
- պատրաստման ամսաթիվը,
- արտադրանքի գործածության ժամկետը (անհրաժեշտության դեպքում),
- գործածության երաշխիքային ժամկետը (անհրաժեշտության դեպքում),
- շուկայում շրջանառության միասնական նշանը,
- ապրանքային նշանը (առկայության դեպքում)։

Արտադրանքի մակնշումը զետեղվում է արտադրանքի, արտադրատեսակին ամրացվող պիտակի կամ ապրանքանիշի, արտադրատեսակի փաթեթվածքի, արտադրատեսակների խմբի փաթեթվածքի կամ արտադրանքի թերթ-ներդրակի վրա:

Կարեւոր է ուշադիր լինել մակնշման հետեւյալ տեղեկություններին՝ տարիքային որ խմբի համար է նախատեսված տվյալ արտադրանքը, ինչ նյութից է պատրաստված, պարզել դրա օգտագործման եղանակը։

Ներկայացվել է նաեւ ոլորտը կարգավորող տեխնիկական կանոնակարգի որոշ պահանջներ, որոնք կօգնեն ճիշտ կողմնորոշվել շուկայում։

-  Մինչեւ 3 տարեկան երեխաների կոշկեղենի պարագայում չի թույլատրվում բաց կրնկային մաս, 3–7 տարեկան երեխաների համար՝ չֆիքսված կրնկային մաս՝ բացառությամբ կարճաժամկետ կրելու համար նախատեսված կոշիկների։

- Աշակերտական պորտֆելները եւ ուսապայուսակները պետք է ունենան դիմային եւ կողային մակերեւույթների վրա լուսարձակող տարրերով դետալներ եւ ֆուրնիտուրա, պատրաստված լինեն հակադիր գույներով նյութերից։ Ցածր դպրոցական տարիքի երեխաների համար աշակերտական ուսապայուսակները պետք է համալրված լինեն ձեւակայուն մեջքով։ Պետք է ուշադրություն դարձնել նաեւ ներկվածքի կայունությանը։

- Հրատարակչական արտադրանքի կենսաբանական անվտանգությունը սահմանվում է տառատեսակային ձեւավորման պարամետրերով եւ տեքստերի ձեւավորման եղանակներով՝ կախված հրատարակության տեսակից, կարդալու տեքստի ծավալից, օգտագործողի տարիքից եւ երեխաների ու դեռահասների տեսողական օրգանների ֆիզիոլոգիական առանձնահատկություններին համապատասխան:
Դիտում՝ 3921
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW