Չինաստանում Հայաստանի առեւտրային ներկայացուցիչ Հրանտ Աբաջյանը նախօրեին Պեկինում չինացի գործարարներին եւ ներդրողներին է ներկայացրել Հայաստանի գործարար միջավայրը:Ինչպես հաղորդում է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը, մասնավորապես, ներկայացվել են Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու եւ Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման ներդրումային ծրագրերը, նախագծեր վերականգնվող արեւային, հողմային, գեոթերմալ եւ հիդրոէներգետիկայի ոլորտներում։ Մասնակիցների ուշադրությանն են ներկայացվել Հայաստանում ձկնաբուծության զարգացման եւ ջերմոցային տնտեսությունների կառուցման վերաբերյալ նախագծեր, պղնձաձուլարանի կառուցման եւ հանքարդյունաբերության ու արտադրության ոլորտի մի քանի այլ ծրագրեր։ Անդրադարձ է կատարվել նաեւ Մեղրու ազատ տնտեսական գոտու կառուցման ծրագրին։Հանդիպմանը ներկա են եղել պետական եւ մասնավոր կառույցներից 40-ից ավելի մասնակիցներ: Հրանտ Աբաջյանը նշել է, որ հետաքրքրությունը չինական կողմից բավականին մեծ է հատկապես ենթակառուցվածքային եւ հանքարդյունաբերության ոլորտների հանդեպ։«Ինտենսիվ աշխատանքներ են տարվում Հայաստանի տնտեսության, ներդրումային դաշտի եւ առհասարակ, երկրի վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվություն ներկայացնելու եւ ճանաչելիությունը բարձրացնելու ուղղությամբ: Հաճախակի անցկացվում են տարբեր ձեւաչափերի միջոցառումներ, հանդիպումներ չինացի ձեռնարկատերերի, ներդրողների հետ, որպեսզի վերջիններս առավելապես տեղեկացված լինեն Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում առկա համագործակցության հնարավորությունների եւ ներդրումային ներուժի մասին: Դրանցից մեկը հենց այսօրվա հանդիպումն էր»,- նշել է Հրանտ Աբաջյանը:Նա հավելել է, որ նմանատիպ միջոցառումները շարունակական բնույթ են կրելու, եւ ճիշտ թիրախավորված աշխատանքի արդյունքում խթանվելու է Հայաստանում չինական ներդրումների ծավալների աճը: Tweet Դիտում՝ 3751