Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը (ՀԱԱԳ) նախօրեին արտահանման ապահովագրության վկայագիր է կնքել ՏՏ ոլորտի «Քյուբ» ընկերության հետ: ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության հաղորդագրության համաձայն՝ արտահանման ապահովագրության վկայագրերը «Քյուբ» ընկերությանը հնարավորություն են տալիս խուսափել հավելվածի վաճառքից սպասվող հասույթի չվճարման ռիսկերից, միեւնույն ժամանակ ստանալ ֆինանսավորում՝ առանց գրավի պահանջի, պարզեցված ընթացակարգով եւ մատչելի տոկոսադրույքներով:ՀԱԱԳ գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Արմեն Շահնազարյանն ընդգծել է, որ «Քյուբ»-ը Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության ծառայություններից օգտվող առաջին ընկերությունն է, որը ներկայացնում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը: Նա հույս է հայտնել, որ համագործակցությունը կկրի շարունակական բնույթ եւ լավ օրինակ կհանդիսանա ՏՏ ոլորտի մյուս կազմակերպությունների համար: «ՀԱԱԳ-ը հետագայում նախատեսում է ընդլայնել ապահովագրական պրոդուկտները ծառայությունների արտահանմամբ զբաղվող՝ մասնավորապես ՏՏ ոլորտի ընկերությունների համար»,- ասել է Արմեն Շահնազարյանը:«ՀԱԱԳ-ի հետ շուրջ մեկ տարվա համագործակցությունը «Քյուբ» ընկերությանը հնարավորություն ընձեռեց գործունեության առաջին իսկ ամիսներից առեւտրային բանկի միջոցով, առանց գույքի գրավադրման ստանալ պարբերաբար ֆակտորինգային ֆինանսավորումներ: Արդյունքում ընկերությունն օրեցօր ավելացնում է բջջային հավելվածի մշակման հնարավորություններն ու արտահանման ծավալները՝ արդյունավետ կառավարելով շրջանառու կապիտալը»,- նշել է «Քյուբ»-ի համահիմնադիր Գարիկ Ավետիսյանը:«Քյուբ»-ը զբաղվում է հավելվածների մշակմամբ, որոնցից առավել հայտնին Pixomatic մոբայլ ֆոտոխմբագրիչն է: Պատկերների մշակման սեփական համակարգի միջոցով հավելվածը հնարավորություն է տալիս հեշտորեն խմբագրել նկարները՝ դրանց հաղորդելով կրեատիվ տեսք: Հավելվածն այսօր ունի 500 հազ. ներբեռնում AppStore-ում եւ 450 հազ. ներբեռնում Google Play-ում: Tweet Դիտում՝ 2827