Սբերբանկն ու «Յանդեքս»-ը համատեղ ընկերություն կհիմնեն

10.08.2017 | 10:18 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սբերբանկ #«Յանդեքս»
Սբերբանկն ու «Յանդեքս»-ը համաձայնագիր են ստորագրել «Յանդեքս.Մարկետ»-ի բազայի վրա նոր ընկերություն հիմնելու մասին, հաղորդում է Banki.ru-ն:

«Միավորելով ենթակառուցվածքներն ու տեխնոլոգիաները՝ ընկերությունները կզարգացնեն էլեկտրոնային առեւտրի էկոհամակարգը, որը ներառում է ապրանքների առուվաճառքը (այդ թվում՝ թվային), ինչպես նաեւ դրանց հետ կապված ապրանքներն ու ծառայությունները»,- նշել են ընկերությունները:

Ըստ համաձայնագրի՝ Սբերբանկը «Յանդեքս.Մարկետ»-ում կներդնի 30 մլրդ ռուբլի (մոտ $500 մլն): Գործարքի պահին ընկերություններն ընդհանուր առմամբ գնահատվում են 60 մլրդ ռուբլի (մոտ $1 մլրդ)՝ չհաշված հետագա սիներգիան: Կողմերը նոր ընկերությունում հավասար մասնաբաժիններ կունենան:

«Յանդեքս.Մարկետ»-ը կշարունակի աշխատել ներկայիս թիմով՝ գլխավոր տնօրեն Մաքսիմ Գրիշակովի գլխավորությամբ: Նա կընդգրկվի «Յանդեքս.Մարկետ»-ի տնօրենների խորհրդում՝ «Յանդեքս»-ից եւ Սբերբանկից երեքական ներկայացուցիչների հետ:

«Մեր օգտատերերին բազմաթիվ նոր հնարավորություններ կընձեռվեն՝ Սբերբանկի ֆինանսական եւ վճարային ենթակառուցվածքների զարգացումը թույլ կտա «Յանդեքս.Մարկետ»-ին, օրինակ, ապրանքի դիմաց վճարել ավելի հեշտ եւ անվտանգ ճանապարհով եւ առաջարկել նոր ծառայություններ, ինչպիսին է ապառիկ գնումը»,- ասել է Մաքսիմ Գրիշակովը:

«Սբերբանկի մասնակցությունը էլեկտրոնային առեւտրի ոլորտում առաջատար խաղացողի ստեղծման գործում կարեւոր է ինչպես Սբերբանկի էկոհամակարգի զարգացման, այնպես էլ երկրի համար՝ընդհանուր առմամբ: Այս գործակցությունը նոր հնարավորություններ կընձեռի ռուսաստանյան ընկերություններին, էլեկտրոնային առեւտրի շուկայի խաղացողներին, փոքր ու միջին բիզնեսին, ինչպես նաեւ պայմաններ կստեղծի ռուսական ապրանքների արտահանման աճի համար եւ նոր հնարավորություններ՝ շուկայի օտարերկրյա մասնակիցների համար»,- ասել է Սբերբանկի նախագահ Գերման Գրեֆը:

Նշենք, որ «Յանդեքս.Մարկետ»-ը համարվում է Ռուսաստանում ինտերնետային առեւտրի շուկայի խոշոր խաղացողներից մեկը: 2016թ. տվյալներով՝ ընկերության շրջանառությունը կազմել է 100 մլրդ ռուբլի (մոտ $1,6 մլրդ):

Կողմերը գործարքի փակումն ակնկալում են մինչեւ այս տարվա վերջ:
Դիտում՝ 9713
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW