ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման պիլոտային ծրագրին:Գործադիրը միաժամանակ հավանություն է տվել բերքի գնման պայմանագրի օրինակելի ձեւին եւ պիլոտային ծրագրի շրջանակում կատարված աշխատանքների վերաբերյալ տրամադրվող հաշվետվության ձեւին: ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի խոսքով՝ ամեն տարի մթերման արդյունքում մթերողների կողմից մնում են պարտքեր գյուղացիական տնտեսությունների նկատմամբ, եւ չեն կնքվում պայմանագրեր գյուղացիական տնտեսությունների եւ մթերող ընկերությունների միջեւ, որով կհստակեցվեն մթերման ենթակա ապրանքի քանակն ու արժեքը: Պիլոտային ծրագրով նախատեսվում է վերամշակման նպատակով պտուղ-բանջարեղենի եւ խաղողի մթերումներ իրականացնող շուրջ 20 փոքր եւ միջին իրավաբանական անձանց շուրջ 2,4 մլրդ դրամի չափով, մինչեւ 12% տոկոսադրույքով եւ 1 տարով տրամադրվող վարկերը սուբսիդավորել մինչեւ 9 տոկոսային կետով, որպեսզի վարկառուի կողմից վճարվող վարկի տարեկան տոկոսադրույքը կազմի 3%: Սուբսիդավորումն իրականացնելու նպատակով նախարարությանը հատկացվել է շուրջ 70 մլն դրամ: Ակնկալվում է, որ պիլոտային ծրագրի իրականացման արդյունքում նախադրյալներ կստեղծվեն ոլորտում վարկունակության պահանջարկի մակարդակի բարձրացման համար: Դա կնպաստի գյուղմթերքների գնման դիմաց գյուղացիական տնտեսություններին կատարվող վճարումները կարճ ժամկետում կատարելուն, վերամշակողների եւ գյուղացիական տնտեսությունների միջեւ բերքի գնման պայմանագրային հարաբերությունների հաստատմանը, ծրագրի շահառու վարկառուների կողմից պտուղ-բանջարեղենային պահածոների եւ գինեգործական արտադրանքի մրցունակության մակարդակի բարձրացմանը եւ այլն: Վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է գյուղատնտեսության նախարարին հետեւողական լինել գործընթացը ճիշտ կազմակերպելու գործում:«Անպայման հետեւում եք, որպեսզի այդ գումարը ճիշտ տեղերն ուղղվի, որովհետեւ եթե մենք 2,4 մլրդ դրամ ուղղենք մեր ընդհանուր մթերման դաշտ ու կարգավորենք այդ դիսբալանսը, լավ արդյունք կունենանք»,- ասել է Կարեն Կարապետյանը: Tweet Դիտում՝ 10593