Այսօր Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի կենտրոնում (հասցե՝ Աբովյան 64) ցուցադրվել են ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության պատմամշակութային արժեքներ:Նախարարությունում նշել են, որ ցուցահանդեսի ժամանակ ներկայացվել են ազգային պահուստի թանկարժեք մետաղներից պատրաստված եւ բարձր գեղարվեստական արժեք ունեցող 51 նմուշ: Ցուցահանդեսի ընթացքում հնարավորություն է ընձեռվել ծանոթանալ հայկական ավանդական գոտիների (XIX դարավերջ-XX դարասկիզբ), որոնք վերաբերում են պատմական տարբեր շրջանների՝ Կարին-Էրզրում, Սյունիք-Արցախ: Գոտիները պատրաստված են ձուլման, փորագրման, սեւադապատման եւ ոսկեզօծման եղանակներով: Ցուցադրվել են նաեւ կենցաղում օգտագործվող իրեր. թեյնիկներ, բաժակակալներ, շաքարամաններ, սկուտեղներ (XIX դարավերջ-XX դարասկիզբ)՝ պատրաստված հայ վարպետների կողմից, ինչպես նաեւ դարասկզբի գործարանային արտադրության: Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ դեկտեմբեր ամիսը։Banks.am-ը հիշեցնում է, որ նախորդ ցուցադրությունը նվիրված էր կանանց միամսյակին եւ տեղի էր ունեցել ապրիլի 7-ին՝ Հայաստանի պատմության թանգարանում: Ցուցադրության էին հանվել կանացի գոտիներ ու վզնոցներ, ինչպես նաեւ ազգային պահուստի պատմամշակութային արժեքներից այլ նմուշներ:«Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության պետ Վահե Առաքելյանն ընդգծել է, որ թանգարանային ցուցադրությունները կունենան փուլային բնույթ: Միաժամանակ, գանձարանի աջակցությամբ, ՀՀ ֆինանսների նախարարությունում նախատեսվում է ստեղծել «Թանգարանային անկյուն», որտեղ պարբերաբար կցուցադրվեն գեղարվեստական բարձր արժեք ունեցող իրեր: Նախարարությունը հիշեցրել է նաեւ, որ 2016թ. հոկտեմբերին ռուսական կողմի հետ ստորագրվել էր փոխըմբռնման հուշագիր, որի արդյունքում հնարավոր է ցուցադրություններ կազմակերպել նաեւ Ռուսաստանում: Tweet Դիտում՝ 2447