Հուլիսի 15-16-ը ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի մասնակցությամբ Հանքավանում տեղի է ունեցել տնտեսական ոլորտը լուսաբանող լրագրողների համար սեմինար, որը կազմակերպվել էր Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակացությամբ: «Այս սեմինարի ընթացքում առավելապես կփորձենք ներկայացնել մեր աշխատանքի հիմնական տրամաբանությունն ու մեր կողմից որդեգրված քաղաքականության հիմնական սկզբունքները»,- ասել է նախարար Վարդան Արամյանը՝ կարեւորելով նման միջոցառումների կազմակերպումը:Սեմինարի շրջանակում ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական բյուջեի եկամուտների ֆինանսական ծրագրավորման բաժնի պետ Ռուզաննա Գաբրիելյան ներկայացրել է ՀՀ 2018-2020 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը: ՄԺԾԾ-ի վերաբերյալ նախարար Վարդան Արամյանը եւ նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուզազյանը նշել են այն հիմնական կարեւոր սկզբունքները, որոնք դրվել են դրա կազմման հիմքում: «Պետք է շեշտադրում կատարվի կապիտալ ծախսեր եւ պակասուրդ հարաբերակցության վրա, որն էլ միտված կլինի կապիտալ ծախսերի՝ ե՛ւ անվանական առումով, ե՛ւ ՀՆԱ-ի կշռով ավելի բարձր լինելուն: Ներկայումս ճիշտ, խելամիտ հարկաբյուջետային քաղաքականությամբ պետք է անկումը վերականգնել եւ պոտենցիալ աճի տեմպերն ուժեղացնել, պետք է բարեփոխումներն ավելի արագ տեմպերով արվեն: 2018թ. հարկային եկամուտները կավելանան 0.4 տոկոսով, իսկ հաջորդ տարիներին` 0.3-ական տոկոսով: Կանխատեսվող ցուցանիշների 0.1 տոկոսի տարբերությունը պայմանավորված է նրանով, որ հաջորդ տարվանից Հարկային նոր օրենսգիրքն ամբողջությամբ սկսելու է գործել, ինչի արդյունքում կարձանագրվի եկամուտների ավելացում»,- ասել է Վարդան Արամյանը՝ պարզաբանելով, որ տարեկան ավելացումը նախատեսվում է վարչարարության խստացման եւ ստվերի կրճատման հաշվին: Անդրադառնալով 2017թ. բյուջեով նախատեսված պաշտպանության ծախսերին՝ նախարարը տեղեկացրել է, որ ոլորտի համար հատկացվել է շուրջ 226 միլիարդ դրամ՝ ներառյալ կապիտալ ծախսերը, եւ նախատեսվում է մինչեւ 2020թ. յուրաքանչյուր տարի ծախսերն ավելացնել 26-27 միլիարդ դրամով, որը կլինի ՀՆԱ-ի 4 տոկոսի սահմաններում:Սեմինարի ժամանակ ներկայացվել է նաեւ ՀՀ կառավարության պարտքի կառավարման 2018-2020 թթ. ռազմավարական ծրագիրը, որի շրջանակում պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանն ասել է, որ պարտքի կառավարման հիմնական էությունը դեֆիցիտի ֆինանսավորման կայուն եւ անխափան գործընթացը ապահովելն է:«Մեր խնդիրն այն է, որ կարողանանք նվազագույն ռիսկերով եւ ծախսերով իրականացնել պարտքի կառավարումը, ինչը բավականին բարդ է»,- նշել է Արշալույս Մարգարյանը՝ համառոտ ներկայացնելով պետական պարտքի կառավարման զարգացման եւ հաշվետվողականության վերջին տարիների փոփոխությունները:Պետական պարտքի կառավարման վարչության ռազմավարության եւ ռիսկերի կառավարման բաժնի պետ Արթուր Համբարձումյանն էլ ներկայացրել է պարտքի կառավարման միջնաժամկետ ռազմավարությունը եւ ընդգծել ռազմավարության դերն ու կարեւորությունը ՀՀ կառավարության պարտքի կառավարման բնագավառում: Ֆինանսների նախարարության ոլորտի պատասխանատուները հայտնել են, որ ՀՀ կառավարության պարտք/նախորդ տարվա ՀՆԱ ցուցանիշը 2016թ. տարեվերջին կազմել է 52.2 տոկոս: 2017թ. ՀՀ պետբյուջեի դեֆիցիտը ծրագրվել է` հաշվի առնելով «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքով սահմանված սահմանափակումը: Դեֆիցիտի ֆինանսավորումը ներքին փոխառու զուտ միջոցների հաշվին 2016թ. նախատեսված 42 մլրդ դրամի դիմաց փաստացի կազմել է 171 մլրդ դրամ: Պետական պարտքի կառավարման վարչության գանձապետական պահառուի աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Աննա Եգանյանը, իր հերթին, ներկայացրել է Գանձապետական պահառուի միջոցով վաճառվող պետական պարտատոմսերն ու դրանց ձեռքբերման եղանակները, ինչպես նաեւ մանրամասն նկարագրել է առցանց համակարգի միջոցով ներդրողների գրանցումն ու պարտատոմսերի ձեռքբերումը: Ներդրված Գանձապետական պահառուի պետական պարտատոմսերի մանրածախ վաճառքի առցանց համակարգի միջոցով 2017թ. հունիսի 8-ին առաջին անգամ հաջողությամբ տեղաբաշխվել են 30 տարի մարման ժամկետով տեղական արժույթով պարտատոմսեր: Tweet Դիտում՝ 2530