Վարկերի տոկոսադրույքները նվազել են ԿԲ քայլերին ոչ համահունչ, կարծում են ֆիննախում

06.07.2017 | 11:19 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վարդան Արամյան #ԿԲ #կառավարության նիստ
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն այսօր ասել է, որ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից տոկոսադրույքների նվազեցմանն ուղղված քայլերը տնտեսությանը փոխանցվել են ավելի քիչ չափով:

Այս մասին նախարարն ասել է կառավարության նիստի ժամանակ՝ ներկայացնելով ԿԲ 2016թ. դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվության եւ 2017թ. դրամավարկային քաղաքականության ծրագրի վերաբերյալ կառավարության եզրակացությունը:
 
«ԿԲ-ն նվազեցրել է իր հիմնական քաղաքականության տոկոսադրույքը՝ ռեպո տոկոսադրույքը, 2,5 տոկոսային կետով, որը կարճաժամկետ ֆինանսական շուկաներում հանգեցրել է նաեւ այլ գործիքների տոկոսադրույքների նվազման, մասնավորապես՝ միջբանկային վարկերի տոկոսադրույքների եւ պետական կարճաժամկետ պարտատոմսերի եկամտաբերության: Այդուհանդերձ, այն ընդհանուր տնտեսությանը չի փոխանցվել. տնտեսությանն ուղղված վարկավորման տոկոսադրույքներն ավելի ցածր տեմպերով են նվազել: Փոխանցման մեխանիզմների վերաբերյալ մենք ունենք խնդիրներ»,- ասել է Վարդան Արամյանը:

Պատճառները, ըստ նախարարի, տարբեր են եւ ներառում են դոլարիզացիայի բարձր մակարդակը, տնտեսության կառուցվածքային խնդիրները եւ բարձր ռիսկայնությունը, հետեւաբար՝ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել կապիտալի շուկայի զարգացման եւ դոլարիզացիայի մակարդակի նվազեցման ուղղությամբ:

Վարդան Արամյանը նաեւ նշել է, որ 2017-ի համար կառավարությունը տնտեսական աճի եւ գնաճի ավելի արագ վերականգնում է կանխատեսում, քան ԿԲ-ն: ԿԲ-ն առաջիկա երկու տարիների համար կանխատեսում է ՀՆԱ-ի աճ՝ 3,2-4,5%-ի սահմաններում, մինչդեռ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսվում է աճ 4,7-5,7%-ի սահմաններում:

Նախարարի խոսքով՝ այս տարբերությունը պայմանավորված է պահանջարկի եւ ներդրումների մասով «աճի՝ ԿԲ-ի համեմատաբար համեստ կանխատեսմամբ եւ կառավարության՝ ավելի ագրեսիվ քայլերի նախատեսմամբ»:
Դիտում՝ 3560
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW