«ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ն տեղեկացնում է, որ Հայաստանում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագիրը հաջող ընթանում է: Կազմակերպության տարածած հաղորդագրության համաձայն՝ ավելի քան երեք ամիս վերոնշյալ ծրագրով լիզինգով մատչելի տոկոսադրույքով գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարում է իրականացվում ՀՀ գյուղացիական տնտեսություններին եւ գյուղական համայնքներին: Լիզինգի պետական աջակցության ծրագրով «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ի կողմից արդեն տրամադրվել եւ ներկա պահին տրամադրման փուլում է ընդհանուր թվով 58 գյուղատնտեսական տեխնիկա, այդ թվում՝ 28 տրակտոր եւ 30 այլ գյուղտեխնիկա՝ շուրջ 453 մլն ՀՀ դրամ արժեքով (տրամադրված լիզինգ՝ ընդհանուր թվով 39 գյուղատնտեսական տեխնիկա, այդ թվում՝ 20 տրակտոր եւ 19 այլ գյուղտեխնիկա՝ շուրջ 204 մլն ՀՀ դրամ արժեքով): «Ներկայում «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ում ուսումնասիրության եւ վերլուծության փուլում բազմաթիվ լիզինգային հայտեր կան, ինչպես նաեւ պարբերաբար նոր հայտեր են ստացվում ՀՀ մարզերից»,- ասված է հաղորդագրությունում:ՈՒՎԿ-ում հիշեցրել են, որ գյուղտեխնիկայի ձեռքբերման պայմաններն են՝ 20% կանխավճար, տարեկան տոկոսադրույքը՝ 9 %, որից 7 %-ը սուբսիդավորվում է պետության կողմից, արդյունքում՝ ֆերմերը վճարում է 2% լիզինգային տոկոսադրույք, 3-10 տարի մարման ժամկետում՝ կախված տեխնիկայի տեսակից:«ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ն իր միջոցներով լիզինգի գործողության ամբողջ ժամանակահատվածի ընթացքում լիզինգի առարկաներն ապահովագրում է կորստյան եւ վնասվածքի ռիսկերից (կասկո):«Հաշվի առնելով գյուղատնտեսական աշխատանքներից գոյացած եկամուտների սեզոնայնությունը՝ «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ն սահմանում է լիզինգառուներին հարմար վճարումների ժամանակացույց»,- նշված է հաղորդագրությունում: Հայաստանում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակում շահառուները կարող են ձեռք բերել տրակտորներ, հացահատիկահավաք կոմբայններ, հավաքիչ-մամլիչներ, տրակտորային շարքացաններ, գութաններ, խոտհնձիչներ, կարտոֆիլատնկիչներ, կարտոֆիլաքանդիչներ, կուլտիվատորներ, ֆրեզներ, ցողիչներ եւ այլ գյուղտեխնիկա:Հունիսի 9-ի դրությամբ գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրի արձանագրած արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ: Tweet Դիտում՝ 6002