Արեւելյան Եվրոպայի էներգախնայողություն եւ շրջակա միջավայրի գործընկերություն (E5P) հիմնադրամը կհամաֆինանսավորի Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզերում կոշտ թափոնների նոր աղբավայրի կառուցումը՝ տրամադրելով €2 մլն դրամաշնորհ: ՎԶԵԲ երեւանյան գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն՝ համապատասխան համաձայնագիրն այսօր ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարարությունն ու ՎԶԵԲ-ը, որը կառավարում է E5P հիմնադրամը:«Դրամաշնորհի միջոցները կաջակցեն կոշտ թափոնների կառավարման ժամանակակից գործընթացներ կիրառող նոր աղբավայրի կառուցմանը, որը ներառում է մունիցիպալ կոշտ թափոնների հավաքումը եւ հեռացումը: Այն տեղական բնակիչներին կբերի խոշոր բնապահպանական եւ սոցիալական օգուտներ»,- ասված է հաղորդագրությունում:Ծրագրի շուրջ աշխատանքը սկսվել էր 2014-ի դեկտեմբերին, երբ ՎԶԵԲ-ը €3,5 մլն վարկ էր հատկացրել, որը համալրվել էր ԵՄ հարեւանության ներդրումային գործիքի կողմից նույն չափի դրամաշնորհով: ԵՄ չափանիշներին համապատասխանող՝ կոշտ թափոնների կառավարման համակարգը կներառի 8 համայնք, որոնցից 7-ը՝ Կոտայքի մարզում եւ 1-ը՝ Գեղարքունիքի մարզում:Ծրագիրն ընդլայնվել է 2016-ին` ՎԶԵԲ-ից ստանալով լրացուցիչ սուվերեն վարկ €2 մլն եվրո գումարի չափով: Ներկայումս այն ընդգրկում է Կոտայքի մարզի բոլոր 7 համայնքները` Հրազդան, Աբովյան, Նոր Հաճն, Բյուրեղավան, Չարենցավան, Եղվարդ, Ծաղկաձոր, ինչպես նաեւ Գեղարքունիքի մարզի բոլոր 5 համայնքները` Սեւան, Վարդենիս, Գավառ, Մարտունի, Ճամբարակ:«Սա ՎԶԵԲ-ի կողմից իրականացվող՝ կոշտ թափոնների առաջին ծրագիրն է Հայաստանում, եւ այն աջակցում է երկրի կառավարության ծրագրերին, որոնց նպատակն է թափոնների կառավարման համակարգի արդիականացումը եւ եվրոպական չափանիշներին համապատասխանեցումը»,- տեղեկացրել են ՎԶԵԲ-ում:E5P հիմնադրամի կողմից տրամադրվող €2 մլն դրամաշնորհը կհամալրի ՎԶԵԲ-ի կողմից տրամադրվող €2 մլն վարկը եւ կհամաֆինանսավորի փոխանցման կայանները, թափոնները հավաքող ու տեղափոխող բեռնատարները, թափոնների բեռնարկղերը եւ այլ մասնագիտացված սարքավորումները: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է €11 մլն:«Մենք շատ շնորհակալ ենք E5P հիմնադրամի դոնորներին` հատկապես Եվրամիությանը եւ Շվեդիային, ինչպես նաեւ Հայաստանի կառավարությանը եւ տեղական համայնքներին մեր հաջողված համագործակցության համար: E5P հիմնադրամի դրամաշնորհը շատ կարեւոր ներդրում է այս ծրագրի համար, որը կհանգեցնի թափոնների կառավարման ենթակառուցվածքներում այդքան անհրաժեշտ բարելավումների: Այն կհամալրի ՎԶԵԲ-ի վարկային ֆինանսավորումը եւ կապահովի ծրագրի հաջող շարունակությունը եւ ավարտը»,- նշել է Հայաստանում ՎԶԵԲ-ի ղեկավարի պաշտոնակատար Անժելա Սաքսը:«Եվրամիությունը E5P հիմնադրամի հիմնական ներդրողն է: Այս ծրագիրը ավելի մեծ աջակցության մի մասն է, որը ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է թափոնների կառավարման ոլորտում: Առ այսօր մենք €22,4 մլն ենք տրամադրել դրամաշնորհների տեսքով, որոնք վերադարձի ենթակա չեն, ինչը ցույց է տալիս, որ ԵՄ-ն կարեւորում է երկրի բնապահպանական խնդիրները: Մեր աջակցությունը տրամադրվում է Կոտայքում, Երեւանում եւ Վանաձորում 5 տարբեր ծրագրերի միջոցով, քանի որ մենք համաֆինանսավորում ենք այնպիսի գործընկերների հետ միասին, ինչպիսիք են ՎԶԵԲ-ը, ԵՆԲ-ն եւ KfW-ն»,- ընդգծել է Հայաստանում ԵՄ-ի դեսպան Պյոտր Սվիտալսկին: Tweet Դիտում՝ 16817