ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդն այսօր կրկին որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով այն 6%:Հիշեցնենք, որ տոկոսադրույքի վերջին փոփոխությունը կատարվել էր 2017թ. փետրվարի 14-ին:«2017թ. մայիսին արձանագրվել է 0,2% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 0,7%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը շարունակել է ընդլայնվել՝ ամսվա վերջին կազմելով 1,6%: Հաշվի առնելով ընթացիկ գնաճային զարգացումները՝ ԿԲ խորհուրդը գնահատում է, որ երկրորդ եռամսյակի արդյունքներով գնաճի վարքագիծն ընթանում է ծրագրված սցենարին համահունչ»,- ասված է ԿԲ տարածած հաղորդագրությունում: Արտաքին հատվածում համաշխարհային տնտեսության աճի հեռանկարները շարունակում են դանդաղ բարելավվել, իսկ միջազգային ապրանքային շուկաներում դիտվել են կարճաժամկետ որոշ գնանկումային դրսեւորումներ: ԿԲ խորհուրդն առաջիկա ամիսներին արտաքին հատվածից էական գնաճային ազդեցություններ չի ակնկալում: ԿԲ խորհուրդն արձանագրել է, որ 2017թ. երկրորդ եռամսյակում տնտեսական ակտիվության բարձր աճի տեմպերը պահպանվել են՝ պայմանավորված հանքարդյունաբերության, մատուցված ծառայությունների եւ առեւտրի ոլորտներում գրանցված բարձր աճերով: «Միեւնույն ժամանակ, շարունակվում է ներքին պահանջարկի աստիճանական վերականգնումը, ինչը, զսպող հարկաբյուջետային քաղաքականության պայմաններում, պայմանավորված է ԿԲ կողմից իրականացվող խթանող դրամավարկային քաղաքականության ազդեցությամբ, պահպանվող մակրոտնտեսական կայունությամբ եւ համեմատաբար ցածր գնաճային սպասումներով»,- նշել են ԿԲ-ում: Հաշվի առնելով վերոնշյալ զարգացումները, ինչպես նաեւ գնահատվող գնաճային ռիսկերի հավասարակշռվածությունը՝ ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտել անփոփոխ թողնել դրամավարկային պայմանները: «Արդյունքում, ակնկալվում է, որ գնաճը աստիճանաբար կշարունակի ավելանալ՝ 2017թ. ձեւավորվելով տատանումների թույլատրելի միջակայքում, իսկ կանխատեսվող հորիզոնում կայունանալով նպատակային ցուցանիշի շուրջ: ԿԲ-ն գտնում է, որ եթե մակրոտնտեսական զարգացումներն ընթանան կանխատեսվող սցենարով, դրամավարկային պայմանները որոշ ժամանակ կմնան անփոփոխ»,- ասված է հաղորդագրությունում:Կարգավորիչն ընդգծել է, որ գնաճի վերականգնման հետագծից շեղման ռիսկերի դրսեւորման պարագայում ԿԲ-ն համապատասխանորեն կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունները՝ միջնաժամկետ հատվածում ապահովելով գնաճի նպատակի իրագործումը: Tweet Դիտում՝ 17634