«Ֆիլիպ Մորիս»-ի կողմից Հայաստանում բացվելիք ինովացիոն կենտրոնն իր տեսակով նոր եւ եզակի է լինելու, իսկ մոդելը հետագայում հնարավոր է օգտագործվի այլ երկրներում՝ գիտական կենտրոններ ձեւավորելու նպատակով: Այս մասին հունիսի 24-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում կազմակերպված Ինժեներական համաժողով-ցուցահանդեսի շրջանակում Banks.am-ին տեղեկացրել է «Ֆիլիպ Մորիս Արմենիա»-ի կորպորատիվ հարցերով կառավարիչ Վահե Դանիելյանը: Նրա խոսքով՝ կենտրոնը հիմնվելու է Բագրեւանդի (Ջրվեժ) Ինժեներական քաղաքում, որի ամբողջական գործարկումը նախատեսվում է այս տարվա սեպտեմբերին: «Ընկերության ամբողջ գիտական հետազոտությունները ներկայում իրականացվում են «Ֆիլիպ Մորիս»-ի՝ Շվեյցարիայի եւ Սինգապուրի կենտրոններում: Հայաստանում բացվելիք կենտրոնը երրորդն է լինելու աշխարհում: Մարտին ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության հետ փոխըմբռնման հուշագիր ստորագրեցինք, որի շրջանակում նախատեսվում է «Ֆիլիպ Մորիս»-ի ինովացիոն կենտրոնի ստեղծում՝ հայաստանյան գիտական կենտրոնների հետ համատեղ: Խոսքը տարբեր ոլորտներում խոր գիտական հետազոտությունների մասին է՝ քիմիա, կենսաբանություն, ֆիզիկա, մաթեմատիկա, ինժեներություն, թերմոդինամիկա եւ այլն: Ընտրված են ոլորտներ, որտեղ Հայաստանը կկատարի բեկումնային հետազոտություններ»,- նշել է Վահե Դանիելյանը:«Ֆիլիպ Մորիս»-ի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ ապագայում այդ գիտական ուղղությունների հիման վրա կհիմնվի R&D (Research and Development) կենտրոն:«Այդ կենտրոնում կմշակվեն լուծումներ՝ պատվիրված «Ֆիլիպ Մորիս»-ի R&D կենտրոնների կողմից եւ ոչ միայն: Նախատեսվում է, որ շվեյցարական հետազոտական կենտրոնի աշխատանքների որոշակի մասը, ինչպես նաեւ ուղղություններ, որոնք այնտեղ դեռ չեն մշակվում, կիրականացվեն հայաստանյան կենտրոնում: Խոսքը մի քանի ամսվա, առավելագույնը մեկ տարվա մասին է: Արդեն կա ոչ միայն ստորագրված փաստաթուղթ, այլեւ կայացած համագործակցություն «Ֆիլիպ Մորիս»-ի, հանրության եւ ՀՀ կառավարության միջեւ, որի շրջանակում Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը կղեկավարի ինովացիոն կենտրոնի բացման աշխատանքները»,- նշել է «Ֆիլիպ Մորիս Արմենիա»-ի կորպորատիվ հարցերով կառավարիչը:Վահե Դանիելյանն ընդգծել է, որ ծրագրի բյուջեն ներկա փուլում հստակ չէ եւ պայմանավորված է մի շարք հանգամանքներով՝ լուծվող խնդիրների, իրականացվող նախագծերի քանակով եւ մասշտաբով: Tweet Դիտում՝ 16247