ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի տարածաշրջանի երկրների գծով գլխավոր տնօրեն Շոն Օ’Սուլիվանի գլխավորած պատվիրակությանը: Կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ վարչապետը տպավորիչ է համարել ԱԶԲ-ի հետ համագործակցությունը եւ նշել, որ դրա արդյունքում անցած տարիների ընթացքում Հայաստանում իրականացվել է $1 մլրդ 190 մլն-ի 25 ծրագիր: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է փոխգործակցությամբ եւ ճանապարհատրանսպորտային, էներգետիկ ոլորտներում, կապիտալի շուկայի զարգացման եւ այլ ուղղություններով ծրագրերի իրականացմամբ, մասնավոր հատվածի հետ ԱԶԲ-ի համագործակցության ընդլայնմամբ:«Մենք շատ բան ունենք փոխելու եւ բաց ենք Ասիական զարգացման բանկի հետ համագործակցության համար»,- շեշտել է Կարեն Կարապետյանը: Շոն Օ’Սուլիվանն էլ գոհունակություն է հայտնել Հայաստանի տարբեր ոլորտներում ենթակառուցվածքների բարելավման ծրագրերի ընթացքից եւ նշել, որ ներկա դրությամբ աշխատում են նոր ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ: Նրա խոսքով՝ ԱԶԲ-ն պատրաստ է նաեւ համագործակցել կրթության, կառավարման թվայնացման եւ այլ բնագավառներում: Tweet Դիտում՝ 2771