ՊԵԿ մոնիթորինգի կենտրոնը կատարելագործվում է

21.06.2017 | 14:21 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #ՀԴՄ
Պետական եկամուտների կոմիտեի նորաբաց մոնիթորինգի կենտրոնում կատարելագործվում են վերլուծական եւ ռիսկերի բացահայտման գործընթացները:

ՊԵԿ-ում նշել են, որ տեխնիկապես հագեցած կենտրոնի ստեղծմամբ հարկ վճարողների գործունեության նկատմամբ իրականացվող տեսչական ընթացիկ հսկողությունը փոխարինվում է էլեկտրոնային հսկողությամբ: Արդյունքում կրճատվում են հարկային տեսուչ-հարկ վճարող շփումները եւ հնարավոր կոռուպցիոն ռիսկերը: Կոմիտեն ծանուցում է ուղարկում նաեւ ռիսկային հարկ վճարողներին:

«Գործընկերային իրազեկման նպատակն անփաստաթուղթ գործարքների իրականացման, իրացման շրջանառությունների նվազեցման եւ գների թերհայտարարագրման ռիսկերի կանխարգելումն է: Բացի այդ, այսուհետ տարածքային հարկային տեսչության տեսուչի հիմնավորման փոխարեն համակարգն է որոշում որեւէ ընկերությունում, օրինակ, ՀԴՄ-ի շահագործման կանոնների ճշտության ստուգում անցկացնելու անհրաժեշտությունը»,- ասել է ՊԵԿ ռիսկերի կառավարման եւ հարկային կարգապահության ծրագրերի վարչության պետի տեղակալ Մխիթար Այվազյանը:

Կենտրոնում արդեն իրականացվում է հսկիչ-դրամարկղային մեքենաներով եւ հաշվարկային փաստաթղթերով կատարվող գործարքների մոնիթորինգ: Հսկիչ-դրամարկղային մեքենաներով կատարվող գործարքների մոնիթորինգի արդյունքում մայիսի 5-ին առաջին ծանուցումներն են ուղարկվել ռիսկային հարկ վճարողներին:

«Մինչեւ հունիսի 17-ն ուղարկվել է 838 ծանուցում, որից փաստացի դիտվել է 555-ը, իսկ 143-ը կամ ավելի քան 17%-ը կրկնակի ծանուցումներ են: Իրենց հերթին, հարկ վճարողները 34 բացատրություն եւ առարկություն են ներկայացրել հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգով եւ մոնիթորինգի կենտրոնի էլեկտրոնային հասցեով»,- հայտնել է մոնիթորինգի բաժնի պետ Վիգեն Վարդանյանը:

Համակարգի միջոցով վեր հանված ռիսկայի հարկ վճարողներին ծանուցում ուղարկելուց առաջ հաշվի են առնվում համալիր գործոններ՝ գործունեության ոլորտի առանձնահատկություններից մինչեւ սեզոնայնություն:

«Օրինակ՝ կանանց տոներով պայմանավորված՝ գարնանն օծանելիքի վաճառքով զբաղվող հարկ վճարողի իրացման բարձր շրջանառությունը հաջորդող ամիսներին կարող է էականորեն նվազել, որը, սակայն, հիմնավորված է, ուստի ծանուցում ուղարկելու պատճառ չի կարող լինել»,- պարզաբանել է ՊԵԿ եկամուտների գնահատման եւ վերլուծության բաժնի պետ Շուշան Հովհաննիսյանը:

Հուլիսից ծանուցումներ են ուղարկվելու նաեւ հաշվարկային փաստաթղթերով կատարված գործարքների մոնիթորինգի արդյունքով ռիսկային վարքագիծ ցուցաբերած հարկ վճարողներին: Այս աշխատանքի շրջանակում մշակվել են ռիսկայնության գնահատման 28 չափանիշներ, որոնցից 17-ը փաստացի կիրառվում են հունիսի 1-ից, իսկ 11-ը կիրառվելու են 2018թ. ապրիլի 1-ից:

Մոնիթորինգի կենտրոնին է վերապահվել եւս մեկ գործառույթ. հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների որակը գնահատելու նպատակով սպասարկման 17 սրահներում արդեն ներդրվել են որակի գնահատման համակարգեր, որոնք կգործարկվեն հուլիսի 1-ից:

«Համակարգը հնարավորություն կտա կառավարել մատուցվող ծառայությունների պատշաճ կազմակերպման գործընթացը եւ շարունակաբար բարելավել հարկ վճարողների սպասարկման որակը»,- նկատել է ՊԵԿ հարկային կարգապահության ծրագրերի բաժնի պետ Անի Մխիթարյանը:
Դիտում՝ 1513
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW