Հայաստանում նախատեսվում է հիմնել տնկարանային տնտեսություն

16.06.2017 | 10:21 Գլխավոր էջ / Նորություններ /
#Իգնատի Առաքելյան #Ագրոինտեքս #ծիրան
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ասել է, որ Հայաստանում նախատեսվում է հիմնել տնկարանային տնտեսություն:

Ինչպես հաղորդում են ՀՀ գյուղատնտեսության մամուլի ծառայությունից, նախարարն այս մասին նշել է նախօրեին Արմավիրի մարզի Մերձավան համայնք կատարած այցի ընթացքում, որտեղ մասնակցել է նախարարության եւ «Ագրոինտեքս» ընկերության հետ համատեղ հիմնվող տնկարանի բացման արարողությանը:

«Մենք նախատեսում ենք հաջորդ տարի տնկարանային տնտեսություն ունենալ: Տնկարանային տնտեսության հիմնումը նաեւ թույլ կտա նվազեցնել տնկիների արժեքը, ինչը ինտենսիվ այգիների հիմնման ինքնարժեքի մեջ ամենամեծ մասնաբաժինն է կազմում: Ինտենսիվ այգիների ստեղծումը ենթադրում է նաեւ նոր կաթիլային համակարգի եւ հակակարկտային ցանցերի ներդրում, որն աստիճանաբար կխթանի արդյունաբերական գյուղատնտեսության զարգացմանը մեր երկրում»,- ասել է Իգնատի Առաքելյանը:

Նորաբաց տնկարանում աճեցվելու են ծիրանենու, տանձենու, խնձորենու, կեռասենու, ընկուզենու տնկիներ: Նախատեսվում է հիմնել նաեւ ցուցադրական այգիներ:

«Ագրոինտեքս» ընկերության սեփականատեր Դավիթ Չիտչյանն էլ տեղեկացրել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ նախատեսվում է իրականացնել ինտենսիվ այգիների կառուցման համար տնկիների աճեցման ծրագիր: Ծրագրով նախատեսվում է թզուկային եւ կիսաթզուկային տնկիների աճեցում, ինչը հնարավորություն կտա նվազեցնել տնկիների արժեքները եւ դրանք մատչելի դարձնել գյուղացիների համար:
 
Ընկերությունը նախատեսում է իրականացնել նաեւ «Կառուցի՛ր ինքդ քո այգին» նախագիծը. այնտեղ լինելու են տիպային նախագծերով ցուցադրական այգիներ, որտեղ ցանկացողները կարող են այցելել եւ տեղում ծանոթանալ պայմաններին, ստանալ անհրաժեշտ խորհրդատվություն եւ ընկերության մասնագետների օգնությամբ ինքնուրույն կառուցել իրենց այգիները:

ՀՀ գյուղատնտեսության նախարարը տեղեկացրել է նաեւ, որ նախարարությունը մշակել է հակակարկտային ցանցերի երկարաժամկետ վարկերի սուբսիդավորման ծրագիր, որին կարող են մասնակցել բոլոր գյուղացիական տնտեսությունները:

Նախարարը հույս է հայտնել, որ կգտնվեն ներդրողներ, որոնք կկառուցեն գործարաններ եւ տեղում կարտադրեն հակակարկտային ցանցեր, ինչն ավելի մատչելի կդարձնի ցանցերի ձեռքբերումը:  

Իգնատի Առաքելյանը մարզում այցելել է նաեւ «Երկրագործության գիտական կենտրոն», որտեղ 2013թ. հիմնվել է ծիրանենու կոլեկցիոն այգի: Նախարարին տեղեկացվել է, որ այգում նախատեսվում է հավաքագրել հայկական խաղողի մոտ 360 սորտ, ինչպես նաեւ հիմնել ֆիլոքսերադիմացկուն սորտերի տնկարանային տնտեսություն:
 
Ծիրանից բացի, «Երկրագործության գիտական կենտրոն»-ը 23 հա-ի վրա իրականացնում է ցորենի էլիտայի արտադրություն, իսկ 5,5 հա-ի վրա՝ գարու սուպեր էլիտայի:
Դիտում՝ 43100
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW