ՀՀ էլեկտրոնային գնումների համակարգում մրցակցությունն ավելացել է

09.06.2017 | 15:41 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ֆինանսների նախարարություն #գնումներ
Հայաստանում էլեկտրոնային գնումների համակարգն օգտագործող պատվիրատուների շրջանակն էականորեն ավելացել է՝ 2015-2016 թթ. 130 պատվիրատուի փոխարեն 2017-ին հասնելով 380-ի:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի Պետական ներքին ֆինանսական հսկողության եւ պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը:

«Մենք համակարգի հնարավորությունների զարգացմանը զուգահեռ աշխատանք ենք տանում նրանից օգտվողների թվին ավելացնելու ուղղությամբ: Կարծում եմ՝ մինչեւ տարեվերջ ցուցանիշն ավելի մեծ կլինի, համակարգում կսկսենք ընդգրկել նաեւ գյուղական համայնքներին, նրանց ենթակայության տակ գործող առեւտրային ընկերություններին եւ պետական ոչ առեւտրային կազմակերպություններին»,- նշել է Սերգեյ Շահնազարյանը:

Նա հիշեցել է, որ 2017-ից Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրերը գնումներ իրականացնում են էլեկտրոնային գնումների համակարգով, ներկայում նախարարությունը բանակցում է համակարգում այլ դոնոր կազմակերպությունների ներգրավման ուղղությամբ:

Նախարարության ներկայացուցչի խոսքով՝ պետության կարիքների համար հրատապության հիմքով պայմանավորված մեկ անձից գնումների կատարման ցուցանիշը 2016-ին 2015-ի համեմատ բարելավվել է եւ 18,7%-ից տարեվերջին հասել 7,2%-ի: Սա, Սերգեյ Շահնազարյանի բնորոշմամբ, խոսում է բյուջետային կարգապահության եւ ավելի լավ բյուջետային պլանավորելու մասին:

Գնումների համակարգում բարձրացել է նաեւ մրցակցությունը. եթե 2015թ. բաց մրցույթներին մասնակցությունը միջինում կազմել է 3,4 կազմակերպություն, ապա 2016-ի վերջին կազմել է 6,4, նույնը վերաբերում է պարզեցված ընթացակարգերին, որոնց դեպքում ցուցանիշը 1,5-ից հասել է 3,3-ի:  

Banks.am-ի հարցին, թե արդյոք գնումների հաղթողին ցածր գնի հիման վրա որոշելու մեխանիզմը չի անտեսում որակը, Սերգեյ Շահնազարյանը նշել է, որ գնումների պատվիրատուն հաղթողին կարող է ընտրել ինչպես ցածր գնի, այնպես էլ գին/որակ հարաբերակցության հիման վրա. վերջինը, ըստ նրա, ավելի սուբյեկտիվ է եւ քիչ կիրառելի:

Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ գնումների համակարգում որակի հետ կապված խնդիրն ավելի ճիշտ կլինի դիտարկել ստանդարտների ոլորտում:

«Վերցնենք առողջապահության ոլորտը: Եթե կազմակերպությանը ստանդարտներով արգելված չէ ներմուծել հնդկական կամ չինական դեղորայք, գնումների մասին օրենքով դրա վաճառքը չես կարող սահմանափակել: Դեղերի ծագման երկրին առնչվող խնդրին պետք է գլոբալ նայել, ոչ թե միայն պետական գնումների, այլ ստանդարտների ենթատեքստում: Իմ տեղեկություններով՝ առողջապահության նախարարությունը ներկայում զբաղվում է այդ հարցով»,- ընդգծել է նա:
Դիտում՝ 3238
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW