Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանն այսօր Երեւանում ընդունել է Իրանի Առեւտրի խթանման կազմակերպության նախագահ, Իրանի Հանքարդյունաբերության եւ առեւտրի փոխնախարար Մոջթաբա Խոսրովթաջին։ Հիմնադրամում նշել են, որ հանդիպումը կազմակերպվել է իրանական կողմի նախաձեռնությամբ:Արմեն Ավակ Ավակյանն անդրադարձել է 2016թ. հոկտեմբերին Թեհրանում անցկացված «Հայաստան Էքսպո»-ից հետո դեպի Իրան հայկական ապրանքների արտահանման ժամանակ առաջացող ընթացակարգային խոչընդոտների վերացման խնդրին։ «Նախորդ տարի ցուցահանդեսին մասնակցելիս հայկական ընկերությունները հանդիպել են մի շարք ընթացակարգային խնդիրների՝ իրենց ապրանքներն ու իրերն Իրան տեղափոխելիս՝ կապված լրացուցիչ թույլտվությունների համակարգի հետ, որը բավական բարդ, ժամանակատար գործընթաց է։ Անհրաժեշտ է դյուրացնել այդ ընթացակարգերը»,- նշել է նա: Հիմնադրամի Արտահանման տնօրեն Հայկ Միրզոյանը ներկայացրել է արտահանման պայմանավորվածություններ ձեռք բերած եւ խոչընդոտների հանդիպած հայկական ընկերությունների ցանկը, հիմնականում՝ սննդամթերք, տեքստիլ, ոսկերչական իրեր արտահանող։ «Հիմա ես այստեղ եմ եւ պատրաստ եմ հանդիպել նման խնդիրներ ունեցող ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Կարծում եմ` պետական կառույցները պետք է ճանապարհ հարթեն, ենթակառուցվածքներ ստեղծեն երկու երկրների գործարարների համար Իրանում եւ Հայաստանում նոր ներդրումներ անելու եւ առեւտրի ծավալները մեծացնելու համար»,- նշել է Մոջթաբա Խոսրովթաջը։ Հանդիպմանը շոշափվել է նաեւ Հայաստանից Իրան ներմուծվող ապրանքների համար սահմանված բարձր մաքսատուրքերի խնդիրը (որոշ դեպքերում՝ 100%-ից ավելի)։ Ներկայում դեպի Իրան արտոնյալ պայմաններով՝ ցածր մաքսատուրքով 37 անուն հայկական ապրանքների արտահանման համար բանակցություններ են ընթանում։ Իրանական կողմի առաջարկով հիմնադրամը կաջակցի Հայաստանում իրանական ապրանքների ցուցահանդեսի կազմակերպմանը։ Հանդիպման ավարտին կողմերը ստորագրել են համագործակցությունն ակտիվացնելու մասին փոխըմբռնման հուշագիր։ Արմեն Ավակ Ավակյանն իրանական կողմի հրավերով առաջիկայում կմեկնի Իրան: Tweet Դիտում՝ 3563