ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ասել է, որ Ամուլսարի ներդրումային ծրագրի իրականացումն էական ազդեցություն կունենա ՀՀ տնտեսության վրաˋտարեկան կտրվածքով ապահովելով մոտ 2% ՀՆԱ-ի աճ:Այս մասին նախարարն ասել է Ամուլսարի ոսկու հանքավայրի տարածք ու շրջակա համայնքներ այցելության ժամանակ:Նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Սուրեն Կարայանի գլխավորած պատվիրակությունը հանքը շահագործել պատրաստվող «Լիդիան Արմենիա» ընկերության ղեկավարության հետ քննարկել է ներդրումային ծրագրի ընթացքը, ծավալը եւ ժամկետները, ծանոթացել իրականացված մի շարք տնտեսական ու սոցիալական զարգացման ծրագրերին:«Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը նշել է, որ այս պահին Ամուլսարի ծրագիրն ամենախոշոր միջազգային ներդրումն է Հայաստանում։ «Մենք պարտավորվել ենք ստեղծել օրինակելի ծրագիր, եւ այս ծրագրին հետեւում են միջազգային ներդրողները։ «Լիդիանի» հաջողությունից կախված է նաեւ ներդրումային համբավը։ Երբ ծրագիրը հաջողի, միջազգային ներդրողները կհետեւեն մեր օրինակին եւ իրենք էլ ներդրում կկատարեն Հայաստանում»,- նշել է նա:Հայկ Ալոյանը տեղեկացրել է, որ կապիտալ ներդրումներն ուսումնասիրության եւ հետախուզման փուլում կազմել են մոտ $90 մլն, իսկ մինչեւ ավարտը հանքավայրը շահագործման նախապատրաստելու համար շինարարական աշխատանքների եւ սարքավորումների ձեռքբերման ներդրումային ծախսերը կկազմեն եւս $370 մլն: Հանքի շինարարության այս փուլում արդեն իսկ ներգրավված է շուրջ 570 աշխատող, որից 280-ը՝ Ամուլսարի շրջակա համայնքներից: Շինարարության ընթացքում աշխատանքներում կներգրավվի ավելի քան 1300 մարդ: Հետագա 10 տարիներին հանքարդյունահանման ընթացքում կստեղծվի 700 մշտական աշխատատեղ:Ընկերությունը ոսկու առաջին կորզումը նախատեսում է հաջորդ տարվա գարնանը։ «Լիդիան Արմենիա»-ի Կայուն զարգացման գծով ավագ մենեջեր Արմեն Ստեփանյանն էլ նշել է, որ Ամուլսարը Հայաստանում առաջին հանքարդյունաբերական ծրագիրն է, որ իրականացրել է Բնապահպանական եւ սոցիալական ազդեցության գնահատում IFC եւ ՎԶԵԲ չափանիշներին համապատասխան՝ ապահովելով Ամուլսարի նախագծումը բնապահպանական ժամանակակից տեխնոլոգիաներով եւ չափանիշներով: «Գնահատվել են բոլոր ռիսկերը՝ ներառյալ նրանք, որ հնչում են բնապահպանական համայնքի կողմից, եւ նախագծվել են համապատասխան միջոցառումներ այնպես, որ բոլոր մնացորդային ազդեցությունները կամ չլինեն, կամ լինեն ընդունելի սահմաններում»,- նշել է նա:Սուրեն Կարայանը ծանոթացել է նաեւ շրջակա համայնքներում ծրագրի շնորհիվ բացված նոր բիզնես ծրագրերին եւ բարձր գնահատել «Լիդիան Արմենիա»-ի կողմից իրականացվող փոքր եւ միջին ձեռներեցության խթանման ծրագրերը:Ընկերության ներկայացուցիչները նախարարին հայտնել են, որ գործունեության սկզբից Ամուլսարի շրջակա համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերում ներդրել է մոտ $3 մլն: Tweet Դիտում՝ 2064