ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանն այսօր ասել է, որ Իրանի հետ համատեղ ծրագրեր իրականացնելու ռեալ հնարավորություններ կան:Այս մասին Իգնատի Առաքելյանն ասել է եռօրյա պաշտոնական այցով Երեւանում գտնվող՝ Իրանի գյուղատնտեսության նախարար Մահմուդ Հոջջաթիի հետ հանդիպման ժամանակ: «Մենք կարեւորում ենք գյուղատնտեսության բնագավառում հայ-իրանական հարաբերությունների ակտիվացումը եւ պատրաստ ենք քննարկել դրան նպաստող ամենատարբեր առաջարկություններ: Կարեւոր եմ համարում երկու երկրների գործարարներին ներկայացնել գյուղատնտեսության եւ ագրոարդյունաբերական համալիրի այն ճյուղերը, որոնք գրավիչ են առեւտրատնտեսական կապերի զարգացման, ներդրումների համար»,- ասել է Իգնատի Առաքելյանը՝ ընդգծելով Հայաստանի տարածքով իրանական գյուղատնտեսական ապրանքները դեպի ԵԱՏՄ շուկա արտահանելու հեռանկարը:Մահմուդ Հոջջաթին եւս պատրաստակամություն է հայտնել սերտացնելու Հայաստանի հետ համագործակցությունը:«Անհրաժեշտ է հնարավորություններ ստեղծել համատեղ ներդրումներ իրականացնելու, ինչպես նաեւ իրանական կիսաֆաբրիկատները Հայաստանում վերջնական տեսքի բերելու եւ արտահանելու համար: Կարծում եմ՝ սրանք այն ոլորտներն են, որտեղ պետք է մեխանիզմներ մշակել երկու երկրների բիզնես աշխարհի ներկայացուցիչների միջեւ համագործակցությունն առավել սերտացնելու եւ զարգացնելու համար»,- նշել է իրանցի նախարարը:Հանդիպման ավարտին կողմերը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել: Tweet Դիտում՝ 1367