Երեւան, 18 ապրիլի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն (ՀԾԿՀ) այսօր բավարարել է “ԱրմենՏել” ընկերության հայտը` մինչեւ 2007 թ. հունիսի 30-ը երկարացնելով N60 արտոնագրով նախատեսված պարտավորությունների կատարման ժամկետը: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այսօր ՀԾԿՀ նիստում ներկայացնելով N60 արտոնագրով նախատեսված պարտավորությունների կատարման հաշվետվությունը, “ԱրմենՏել” ՓԲԸ կարգավորման հարցերով տնօրեն Հայկ Ֆարամազյանը նշել է, որ ընկերությունը գրեթե ամբողջությամբ կատարել է բնակավայրերի հեռախոսաֆիկացմանը վերաբերվող իր արտոնագրային պարտավորությունները: Հայկ Ֆարամազյանը մասնավորապես նշել է, որ 2006 թ. դեկտեմբերի վերջին “ԱրմենՏելը” շահագործման հանձնեց CDMA ցանցը` նախատեսված 800 գյուղական համայնքների հեռախոսակապի թվայնացման համար, սակայն կայանների Երեւանի փոխարկիչ կենտրոնին միացման ուշացման պատճառով ծրագրի իրագործումը փոքր-քիչ երկարեց: Հայկ Ֆարամազյանը հայտնել է, որ ներկայումս 400 գյուղեր ապահովված են որակյալ թվային կապով` շնորհիվ CDMA տեխնոլոգիայի, իսկ թվայնացված գյուղերի ընդհանուր թիվը կազմում է 500: “ԱրմենՏելի” կարգավորման հարցերով տնօրենն ասել է, որ ծրագրերի իրականացման ժամկետների վրա ազդել են նաեւ ուշ աշնան եւ ձմեռվա եղանակային ծանր պայմաններն, ինչպես նաեւ ընկերության սեփականատիրոջ փոփոխման գործընթացը, որն ուղեկցվում էր սարքավորումների ներմուծման եւ մոնտաժման դանդաղեցմամբ: Որպես վարչական միջոց ՀԾԿՀ-ն այսօր որոշում է կայացրել 810-ի հասցնել այն գյուղերի քանակն, որտեղ “ԱրմենՏելը” պետք է թվային կապ ապահովի: “ԱրմենՏելի” գլխավոր տնօրեն Օլեգ Բլիզնյուկն այսօր Երեւանում հայտարարել է, որ “մենաշնորհից հրաժարվելը էապես չի ազդի առողջ մրցանակությանը պատրաստ մեր ընկերության վրա”: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Օլեգ Բլիզնյուկն այսօր ասել է, որ մինչեւ ֆիքսված կապի “ԱրմենՏելի” մենաշնորհից հրաժարվելը, ընկերության բոլոր արտոնագրային պարտավորությունները կկատարվեն: Նրա խոսքերով, Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացված հայտը` 3 ամսով պարտավորությունների կատարման ժամկետը երկարացնելու մասին, պայմանավորված էր նրանվ, որ “ընկերությունը ճիշտ չէր հաշվարկել իր ուժերը ձմեռվա ընթացքում եւ չէր հասցրել մոնտաժել անհրաժեշտ սարքավորումները”: “ԱրմենՏելի” գլխավոր տնօրենը վստահություն է հայտնել, որ մոտ ժամանակներս բոլոր պարտավորությունների կատարմանն ուղղված աշխատանքները կավարտվեն: Ներկայումս CDMA ցանցի ծածկույթի գոտում են գտնվում 1 միլիոն բաժանորդներ Հայաստանի մարզերում, ասել է Օլեգ Բլիզնյուկը: “ԱրմենՏելի” գլխավոր տնօրենը “չարդարացված եւ ագրեսիվ” է անվանել սպառողների իրավունքների պաշտպանների վարքագիծն, որոնք դժգոհ էին Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) այսօրվա որոշումից, որով բավարարվել է N60 արտոնագրով նախատեսված պարտավորությունների կատարման ժամկետնի երկարացման հայտը: Պատասխանելով ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալության հարցին, Օլեգ Բլիզնյուկն ասել է, որ “ԱրմենՏելի” ղեկավարությունն երկու անգամ հանդիպել է սպառողների իրավունքները պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Ընկերության ղեկավարն ընդգծել է, որ “ԱրմենՏելը” միշտ ձգտել է համաձայնության հասնել հասարակական կազմակերպությունների հետ: Օլեգ Բլիզնյուկը նշել է, որ ներկայումս սպառողների իրավունքների պաշտպանների հետ միակ լուրջ տարաձայնությունը վերաբերում է այն պարտքերին, որոնք գոյացել են այն պատճառով, որ մի շարք բաժանորդների համակարգիչներ ներթափանցած վիրուսային ծրագրերը նախաձեռնել են միջազգային զանգեր` ինտերնետից օգտվելու ընթացքում: Հանդես գալով ՀԾԿՀ նիստում, Սպառողների իրավունքների միության նախագահ Արմեն Պողոսյանն ասել է, որ “ԱրմենՏելը” չի կատարել իր արտոնագրային պարտավորությունները, եւ հանձնաժողովը պետք է համապատասխան պատժամիջոցներ ձեռնարկեր: Արմեն Պողոսյանը մասնավորապես առաջարկել է ետ վերցնել “ԱրմենՏելի” արտոնագիրն ու իջեցնել նրա ծառայությունների սակագները: Սպառողների իրավունքների միության փորձագետ Հակոբ Ղարաբեկյանը հայտարարել է, որ “ԱրմենՏելի” գործողությունները չեն համապատասխանում Հայաստանի իշխանությունների սոցիալական քաղաքականությանը, եւ “ընկերությունը գործում է` ելնելով միայն իր շահերից”: Մեկնաբանելով այդ հայտարարությունները, “ԱրմենՏելի” գլխավոր տնօրեն Օլեգ Բլիզնյուկն ասել է, որ “800 գյուղերի թվայնացման գործընթացը շատ ավելի թանկ արժե, քան N60 արտոնագիրը, եւ կորեկտ չէ մեզ մեղադրել նրանում, որ մենք չենք աջակցում երկրի իշխանությունների քաղաքականությանը”: ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյան նույնպես “անհիմն” է անվանել սպառողների իրավունքների պաշտապնների մեղադրանքներն ու կողմերին խորհուրդ է տվել յուրաքանչյուր ամիս հանդիպել “ցավոտ հարցերը” քննարկելու համար եւ Հանձնաժողովին տեղյակ պահել հանդիպոևմների արդյունքների մասին: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 8677