«Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը (BSC) մեկնարկում է 4PRO նախագիծը՝ նախատեսված տարբեր ոլորտներում գործող բիզնեսի սեփականատերերի, տնօրենների, բարձր եւ միջին օղակի կառավարիչների համար:Ինչպես Banks.am-ի հետ զրույցում նշել է BSC-ի բիզնեսի զարգացման մենեջեր Աննա Գեւորգյանը, նախագիծը միտված է բոլորովին այլ տեսանկյունից դիտարկել ընկերությունների կառավարման արդյունավետությունը՝ շրջանառության ավելացման, շահույթի ապահովման, անձնակազմի, ֆինանսների, ռազմավարության եւ գործառնական ծրագրերի անթերի կառավարման տեսանկյունից:«4PRO թրեյնինգների շարքը ներառելու է տարբեր թեմատիկ ուղղություններ՝ կառավարչական թվային մարքեթինգ, ֆոնդերի հայթայթում (Fundrising), բանակցության հմտություն, կորպորատիվ (B2B) վաճառք, ռազմավարական պլանավորում, առաջնորդության զարգացում, մարդկային ռեսուրսների կառավարում: Ի վերջո, բոլոր նշված ուղղությունները ծառայելու են մեկ ընդհանուր նպատակին՝ կառավարիչներին տրամադրել անհրաժեշտ գործիքներ՝ վերահսկելու համար ընկերության անխափան աշխատանքը»,- նշել է BSC-ի զարգացման մենեջերը: Աննա Գեւորգյանի փոխանցմամբ՝ նախագծի շրջանակում առանձնահատուկ տեղ է հատկացվում «Կառավարչական թվային մարքեթինգ»-ին, որը հնարավորություն է տալիս բիզնես կառույցների սեփականատերերին եւ կառավարիչներին որոշումներ կայացնել թվային մարքեթինգի ռազմավարության, գործիքների կիրառման արդյունավետության, մարքեթինգային թիմի արտադրողականության, բյուջեի եւ այլ կարեւոր հարցերի շուրջ:«Առաջին հայացքից տպավորություն կարող է ստեղծվել, թե թվային մարքեթինգով զբաղվելն այդքան էլ դժվար չէ. սոցիալական ցանցերում պրոֆիլներ ու էջեր բացելը րոպեների հարց է: Ավելին, վեբ-կայք եւ էլեկտրոնային հասցեների ցանկ ունենալն էլ առանձնապես խնդիր չէ՝ թե՛ գումարային, թե՛ ժամանակային առումով: Բայց արդյոք այս ամենն արդյունավե՞տ է աշխատում, միգուցե այս ոճով աշխատելը ոչ միայն օգուտ չի բերում, այլեւ վնասում է ընկերությանը:Շատերը համարում են, որ անձնակազմի ընտրությունը մարդկային ռեսուրսների կառավարչի աշխատանքն է, բայց, եթե դուք որոշել եք զբաղվել մարքեթինգով, պետք է կարողանաք ձեւավորել թվային մարքեթինգի թիմ՝ գնահատելով անձի համապատասխանությունը ընտրված բիզնես մոդելին, եւ ստեղծել արդյունավետ հաղորդակցում ղեկավարության եւ թիմի միջեւ: Կառավարչական թվային մարքեթինգի շնորհիվ հնարավոր է խուսափել ավելորդ ծախսերից եւ ժամանակի կորստից»,- եզրափակել է մեր զրուցակիցը: Tweet Դիտում՝ 4730