Երբ սահմանը «նոր ծիլեր է տալիս»

10.05.2017 | 10:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Սահման» ՀԿ #Բերքաբեր
2016թ. նոյեմբերից «Սահման» հասարակական կազմակերպությունը՝ նորվեգական «Համար Վեսթ Ռոտարի» ակումբի ֆինանսավորմամբ, իրականացնում է «Բերքաբեր համայնքի համապարփակ զարգացում» ծրագիրը։

Banks.am-ը ծրագրի կարեւորագույն՝ գյուղատնտեսական բաղադրիչի շուրջ խոսել է «Սահման» ՀԿ-ի համահիմնադիր Անահիտ Նազարյանի հետ։

«Ջերմոց ո՛չ տեսել էի, ո՛չ մշակել, տնամերձ ունեմ, դա էի մշակում»,- Banks.am-ի հետ զրույցում ասում է Բերքաբերի բնակիչ Ռիտա Հարությունյանը, որը տարեսկզբից արդեն ամուսնու հետ սկսել է զբաղվել բանջարեղենի սածիլների մշակությամբ։

Բերքաբերում եւ Տավուշի մարզի հարակից գյուղերում վերջին տարիներին զարգացող ջերմոցաշինությունն առաջ է բերել նոր մարտահրավերներ՝ սածիլների մշակություն։ Հենց դրան է ուղղված Բերքաբերում սածիլային երկու ջերմոցների հիմնումը։

«Ծրագրի գյուղատնտեսական կոմպոնենտի շրջանակում արդեն կառուցել ենք սածիլների երկու ջերմոց՝ 150 քմ չափով, որոնց արտադրանքը վաճառվում է մարզի ջերմոցներին»,- ասում է Անահիտ Նազարյանը։

Ծրագրին նախապես դիմել է 9 բերքաբերցի, որոնք ջերմոցի կառուցման համար տնամերձ համապատասխան տարածք են ունեցել։ Տարածքի առկայությունը, հարմարավետությունը, աշխատուժը եւ դիմողների շահագրգռվածությունը գնահատելուց հետո ընտրվել է երկու շահառու ընտանիք։

Անահիտ Նազարյանն ընդգծում է, որ ջերմոցի կառուցումը պատվիրվել է տեղի անհատ ձեռներեցներից մեկին, օգտագործվել է գյուղի աշխատուժը։ Առաջին տարում լավ «կահավորված» եւ կաթիլային ոռոգմամբ ապահովված ջերմոցներից բացի՝ սկսնակ գործարարները ստացել են սածիլների սերմերն ու բաժակները։

Ռիսկերը նվազեցնելու համար առաջին անգամ սածիլներն աճեցվել են նախնական պատվերով։ Երկու ջերմոցներից յուրաքանչյուրում աճեցվել է լոլիկի, վարունգի, քաղցր եւ կծու պղպեղի շուրջ 11 հազ. սածիլ։

«Սահման» ՀԿ-ի հաշվարկով՝ պահանջարկի դեպքում մեկ ջերմոցում կարելի է տեղավորել մինչեւ 15 հազ. սածիլ։ Ընդ որում, Տավուշում հատկապես մեծ պահանջարկ ունեն լոլիկի սածիլները, քանի որ այն ավելի դիմացկուն է։

«Եկող տարի ավելի շատ սածիլներ կմշակենք, ջերմոցատերերն արդեն գիտեն, որ մենք սածիլանոց ունենք, այս տարի էլ որակով սածիլներ ենք տվել»,- վստահ է Ռիտա Հարությունյանը։

Վիկտորյա Անդրեասյան
Դիտում՝ 10963
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai