Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի եւ «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» (ԱՌՆԱՊ) հիմնադրամի հետ համատեղ, կմեղմի Հայաստանի գյուղատնտեսական հատվածում առկա կարկտահարության հետեւանքները:Ինչպես հայտնել են բանկում, կողմերն այսօր իրենց այս մտադրությունն ամրագրող եռակողմ հուշագիր են ստորագրել: Իրականացվող ծրագրի շրջանակում Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի կողմից կարկտապաշտպան ցանցերի ձեռքբերման համար ֆերմերներին կտրամադրվեն մինչեւ 7 տարի ժամկետով դրամային նպատակային վարկեր՝ սկսած 12,5% տարեկան տոկոսադրույքից: ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի կողմից ֆերմերներին անհրաժեշտ կարկտապաշտպան ցանցերի 20%-ը կտրամադրվի` որպես դրամաշնորհային ներդրում: Նախագծի ընթացքում ԱՌՆԱՊ հիմնադրամի կողմից ֆերմերներին կտրամադրվի խորհրդատվություն կարկտապաշտպան համակարգերի պահպանման, օգտագործման եւ խնամքի վերաբերյալ, կիրականացվի չափագրման, ցանցերի ամրացման կոնստրուկցիաների տրամադրման եւ ցանցերի տեղադրման գործընթացը:«Ծրագրի կարեւորագույն նպատակներից է Հայաստանում ձեւավորել եւ զարգացնել ֆերմերային տնտեսությունները, բնական աղետներից պաշտպանել նորագույն համակարգերի կիրառման մշակույթը: Բանկը հիմնադրման օրվանից ֆերմերների կողքին է, նրանց գլխավոր աջակիցներից է: Չնայած այն հանգամանքին, որ բանկը շահույթ ակնկալող կազմակերպություն է, մենք մեր հաճախորդներին միայն ֆինանսական միջոցներ չէ, որ տրամադրել ենք: Քսան տարիների ընթացքում մեր գործընկերներին փոխանցելով կուտակված գիտելիքներն ու հմտությունները՝ միշտ եղել ենք նորարարությունների, միջազգային լավագույն փորձի կիրառման նախաձեռնողներից»,- նշել է բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:«ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը կարեւորում է մասնավոր հատվածի հետ համագործակցությունը, որը նոր խթան կհանդիսանա կլիմայական ռիսկերի նվազեցման այլընտրանքային մոտեցումների տարածման համար: Այս համագործակցության շրջանակում ՄԱԶԾ-ի կողմից արդեն իսկ ներկրվել են իտալական ցանցեր, որոնք ունեն առնվազն 12 տարվա երաշխիք եւ բարձր արդյունավետություն»,- ասել է Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիասինը: Նա հավելել է, որ հուշագիրն ուղղված է կարկտապաշտպան ցանցերի արդյունավետության վերաբերյալ տվյալների հավաքագրմանն ու փաստաթղթավորմանը, որը կներկայացվի ՀՀ կառավարությանը: «Բացի նրանից, որ այս համագործակցությունն անմիջական օժանդակություն է ապահովում հայ ֆերմերին եւ նպաստում է ռիսկերի նվազեցման այլընտրանքային մոտեցումների տարածմանը, այն նաեւ ցուցադրում է աղետների ռիսկի նվազեցման գործընթացում տարբեր կառույցների միջեւ համագործակցության արդյունավետությունն ու անհրաժեշտությունը՝ հերթական անգամ ընդգծելով, որ ռիսկերի նվազեցումը չի կարող լինել մեկ կառույցի խնդիր կամ մենաշնորհ»,- նշել է ԱՌՆԱՊ հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արա Բարսեղյանը:Բանկում տեղեկացրել են, որ գյուղատնտեսությանն ամենամեծ վնասը հասցնում է կարկուտը: Հետազոտությունները ցույց են տվել, որ Հայաստանում կարկտահարության հետեւանքով ոչնչանում է արտադրվող գյուղատնտեսության բուսաբուծական արտադրանքի մոտ 4-5%-ը, որը գնահատվում է տարեկան շուրջ 16-20 մլրդ դրամ: Հայաստանի 10 մարզերից յոթը գտնվում են կարկտահարման վտանգի գոտում: «Խաղողի այգիների համար տրամադրվող ցանցի մեկ քառակուսի մետրն արժե 182 դրամ, իսկ մյուս պտղատու այգիների համար նախատեսված ցանցերը՝ 227 դրամ: Կարկտապաշտպան ցանցերը գրեթե 100%-ով պաշտպանում են ծառերն ու վազերը կարկտահարության եւ քամիների բացասական ազդեցություններից, ինչպես նաեւ թռչուններից եւ խոշոր միջատներից` ծաղկման եւ պտուղների հասունացման շրջանում»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 3626