Վահան Մարտիրոսյանը՝ տրանսպորտի համակարգի բարեփոխումների մասին

05.05.2017 | 15:20 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վահան Մարտիրոսյան #տրանսպորտ #Լարս
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ամփոփել է վերջին վեց ամսում կատարված  աշխատանքներն ու ընդհանուր իրավիճակը, ինչպես նաեւ ներկայացրել հետագա անելիքները:

Տրանսպորտային նոր համակարգի ներդրում

ՀՀ վարչապետի հանձնարարականով՝ գնահատվել են ներմարզային եւ ներքաղաքային կանոնավոր ուղեւորափոխադրումների երթուղիները, հստակեցվել է չսպասարկվող կամ մասամբ սպասարկվող 220 համայնքների ցանկը: Չսպասարկվող համայնքների 40%-ը ներառվել է գործող երթուղային ցանցում: Այսօր առկա է մոտ 90 չսպասարկվող համայնք, համապատասխան առաջարկությունների փաթեթը կառավարությունում է:  

Հանրապետությունում առաջիկայում նոր տրանսպորտային համակարգ կներդրվի՝ միասնական օպերատորի եւ էլեկտրոնային տոմսերի ստեղծմամբ:

«Մինչեւ հունիսի կեսերը կունենանք տեխնիկական առաջադրանքը, որը կներկայացվի մշակման: Նոր տրասնպորտային համակարգը կսպասարկի բոլոր համայնքները: Մենք դա պատկերացնում ենք այսպես. կգործի 1 կամ մի քանի օպերատոր, որոնք կբաժանվեն ըստ շրջանների, որպեսզի սպասարկեն ինչպես շատ, այնպես էլ քիչ բնակչություն ունեցող համայնքները՝ դրանք պատկերացնելով որպես 1 ընդհանուր բիզնես: Չեն լինի գծատերեր, կլինեն օպերատորներ»,- ասել է Վահան Մարտիրոսյանը:

Միջպետական ուղեւորափոխադրումների բարելավում

Վահան Մարտիրոսյանի խոսքով՝ գործընթացը կանոնակարգվել է, պարտադիր պահանջ է սահմանվել թվային եւ անալոգային տախոգրաֆների կիրառումը՝ միջպետական ուղեւորափոխադրումներում եւ բեռնափոխադրումներում:

Սահմանվել է, որ փոխադրումները կազմակերպվեն ավտոկայանային ծառայություն մատուցող կազմակերպությունների կողմից, որտեղ վարորդները պարտադիր պետք է անցնեն բժշկական, իսկ մեքենաները՝ տեխնիկական զննություն: Անցկացվել են մրցույթներ, ընտրվել են մի քանի ընկերություններ, որոնք իրականացնում են այդ կանոնավոր ուղեւորափոխադրումները:

Այլընտրանք Վերին Լարսին

«Վերին Լարսին այլընտրանքը լաստանավն է, որն այսօր ունենք: Ռուսաստանյան առավել հեռավոր ուղղություններ ապրանք տեղափոխելը մի քանի անգամ ավելի էժան է նստում, քան մեքենայով: Այսօր լաստանավային փոխադրումների վրա մեծ զեղչեր ունենք ինչպես ռուսական երկաթգծից, այնպես էլ վրացական կողմից:

Ակտիվություն նկատվում է լաստանավերով բեռներ փոխադրելու հարցում, հիմնականում այն բեռներն են, որոնք ժամանակային խնդիր չունեն»,- ասել է նախարարը:  

Ճանապարհների հիմնանորոգում

Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհներին մեկնարկած փոսալցումների աշխատանքները կավարտվեն մինչեւ մայիսի 15-20-ը՝ կախված եղանակային պայմաններից:

«Շաբաթական 2-3 անգամ ունենում ենք պլանավորված եւ անակնկալ այցեր: Նախագահի եւ վարչապետի կողմից էլ հանձնարարական է տրվել խիստ հսկողություն սահմանել ճանապարհների սպասարկման հարցում»,- ասել է Վահան Մարտիրոսյանը:  

«Վարչապետին զեկուցեցինք, որ հարկավոր է 90 մլրդ դրամ, որպեսզի ճանապարհները պատշաճ կերպով կառուցվեն, վերանորոգվեն: Այսօր ստանում ենք 7,5 մլրդ ճանապարհների սպասարկման համար եւ այս տարվա բյուջեով 5 մլրդ՝ ճանապարհների հիմնանորոգման համար: Այս տարվա միջոցների մեծ մասը հատկացվելու է Երեւան-Սեւան հատվածում (մինչեւ Հրազդան հասնելը) ամբողջական հիմնանորոգում իրականացնելուն, ինչպես նաեւ անցած տարվա բյուջեով նախատեսված մի շարք վատ ճանապարհների հիմնանորոգմանը»,- հավելել է նախարարը:

Նա տեղեկացրել է, որ նախարարությունը հանդես է եկել ճանապարհային ֆոնդ ստեղծելու առաջարկով:

«Հյուսիս-Հարավ»-ի ճակատագիրը

««Հյուսիս-Հարավ» ճանապարհի շինարարությունը բնականոն հունով շարունակվելու է: Այն կամուրջները, որոնց շինարարությունը փակել է «Հյուսիս-Հարավ»-ի ճանապարհը, արդեն բացված կլինեն երթեւեկության համար: Երկու կամուրջի տակ երթեւեկությունն արդեն բաց է, մյուս կամուրջների հատվածներում երկկողմանի երթեւեկությունն ամբողջությամբ կվերականգնվի մայիսի 25-ին՝ պայմանագրով նախատեսված ժամկետի՝ սեպտեմբերի փոխարեն»,- ասել է Վահան Մարտիրոսյանը:

Կշարունակվեն աշխատանքները կամուրջների վրա, եւ մինչեւ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսները նաեւ կամուրջների վրա կվերականգնվի ամբողջ երթեւեկությունը:

Տաքսի ծառայությունների լիցենզավորում

«Այսօր բոլորս էլ հասկանում ենք, որ տաքսի ծառայությունների ոլորտն այն մակարդակին չէ, որին կուզենայինք տեսնել: Դա վերաբերում է թե՛ տաքսիստների, թե՛ մեքենաների որակին: Շարունակական քայլեր ենք անելու, որ բոլորը աշխատեն հավասար մրցակցային պայմաններում»,- ասել է նախարարը:

Նախարարությունը կարեւորում է էլեկտրոնային ծառայությունների տարանջատումը տաքսի ծառայությունների մատուցումից, տաքսի ծառայություն մատուցող բոլոր մեքենաները պետք է լիցենզավորվեն եւ աշխատեն օրինական դաշտում՝ հավասար մրցակցային պայմաններում:

Տեխզննման էլեկտրոնային համակարգ

«Շուտով կգործի ավելի լավ տեխզննման համակարգ: Բարեփոխումներից է այն, որ կտրոնը վերանալու է, գործելու է միայն էլեկտրոնային համակարգ, եւ բոլոր կողմերը տեղում կարող են տեսնել՝ մեքենան տեխզննում անցե՞լ է, թե՞ ոչ: Մինչեւ մեքենան չգնա տեխզննման կայան, չկանգնի ստենդի վրա եւ չստուգվի, էլեկտրոնային համակարգ մուտք չի գործի: Նոր համակարգը կգործի մինչեւ տարեվերջ»,- ամփոփել է Վահան Մարտիրոսյանը:
Դիտում՝ 2791
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW