Երեւանում այսօր ամփոփվել են Եվրամիության «Հայաստանում ներդրումների խթանման եւ ներդրումային քաղաքականության ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում» Թվինինգ ծրագրի արդյունքները: Ծրագրի նպատակն օտարերկրյա ներդրումների ներգրավման խթանման եւ դրանց շնորհիվ տնտեսական աճի ապահովմանն ուղղված Հայաստանի կառավարության քայլերին աջակցելն էր:Այն իրականացվել է Եվրամիության ֆինանսավորմամբ եւ օտարերկրյա ներդրումների եւ արտահանման զարգացման ֆրանսիական պետական գործակալության՝ «Բիզնես Ֆրանս»-ի աջակցությամբ:Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է €810 հազ.:Թվինինգ ծրագրի շրջանակում 16 ամսվա ընթացքում հայ մասնագետներին ներկայացվել է եվրոպական լավագույն փորձը: ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության եւ Հայաստանի զարգացման հիմնադրամի մասնագետներին եվրոպացի 20 բարձրակարգ փորձագետներ փոխանցել են ոլորտի իրենց գիտելիքներն ու փորձը: Աշխատանքներ են տարվել ոլորտային ներդրումային ռազմավարության մշակման ուղղությամբ, այդ թվում՝ թիրախավորվել են ներդրումային ոլորտները, իրականացվել է համեմատական վերլուծություն այլ համադրելի երկրների հետ, կատարվել է SWOT վերլուծություն:Նախապատրաստվել են Հայաստանի վերաբերյալ տեղեկատվական նյութեր, ստեղծվել է պոտենցիալ ներդրողների տվյալների շտեմարան:«Բիզնես Ֆրանս»-ի աջակցությամբ՝ Ֆրանսիայում անցկացված Հայաստանի ներդրումային միջավայրի քարոզարշավի արդյունքում Հայաստանի զարգացման հիմնադրամը սերտ կապեր է հաստատել 136 ընկերության հետ, ի հայտ է եկել 9 նոր հնարավորություն եւ 11 ներդրումային նախագիծ:ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանի խոսքով` ԵՄ Թվինինգ ծրագիրը Հայաստանում գործել է երեք հիմնական ուղղություններով` բարենպաստ ներդրումային քաղաքականության եւ ռազմավարության մշակում, ներդրումների խթանման կոնկրետ գործիքների կիրառություն եւ հետներդրումային աջակցություն: «Ներդրումների խթանման գործընթացը չի ավարտվում ներդրում կատարելու պահին: Ներդրողի հետ անհրաժեշտ է աշխատել նաեւ ներդրում կատարելուց հետո, որպեսզի վերջինս կարողանա զարգացնել իր բիզնեսը: Սա ոչ միայն կպահի բիզնեսը Հայաստանում, այլեւ դրա օրինակով կապահովի նոր ներդրումների ներգրավում»,- նշել է նա:Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի խոսքով` Թվինինգ ծրագրի շրջանակում «համագործակցությունը եղել է հագեցած եւ արգասաբեր»: Նա գոհունակություն է հայտնել, որ իրենք հնարավորություն են ունեցել աջակցել ՀՀ-ին ներդրումների գրավչության ռազմավարության մշակման եւ ներդրումների ներգրավման հարցում Հայաստանի համար այս կարեւոր պահին: «Բիզնես Ֆրանս» ընկերության գործադիր տնօրեն Կարոլին Լեբուշեն նույնպես բարձր է գնահատել Թվինինգ ծրագրի արդյունավետությունը:«Ներդրումների ներգրավման տեսանկյունից Հայաստանի հիմնական խնդիրը ճանաչողության պակասն է: Պետք է այնպես անել, որ երկրի ներդրումային «զինանոցի» բոլոր գործիքները տեսանելի դառնան աշխարհին: ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող այս ծրագիրի նպատակը Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների զարգացումն ու, միաժամանակ, նրա ճանաչելիության բարձրացումն էր»,- ընդգծել է Կարոլին Լեբուշեն: Tweet Դիտում՝ 5324