Վարչապետը համայնքապետերի հետ քննարկել է զարգացման ծրագրերը

29.04.2017 | 12:56 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կարեն Կարապետյան #խորհրդակցություն
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Արարատի մարզի հինգ եւ Լոռու մարզի չորս համայնքների լավագույն հնգամյա զարգացման ծրագրերը:

Համայնքների ղեկավարները վարչապետին են ներկայացրել զարգացման տարբեր ծրագրեր, որոնք ուղղված են սպանդանոցների, չրանոցների, աղբի վերամշակման գործարանի, սառնարանային, անասնապահական տնտեսությունների հիմնմանը, թեթեւ արդյունաբերության, զբոսաշրջության զարգացմանը, ասֆալտապատման իրականացմանը, դպրոցների, մանկապարտեզների, մշակույթի տան հիմնանորոգմանը:

Վեդի համայնքի ղեկավարը ներկայացրել է քաղաքում աղբի տեսակավորման կայանի կառուցման ծրագիրը եւ նշել, որ այն գնահատվում է 100 մլն դրամ: Մասնավորն արդեն կատարել է 25 մլն դրամի ներդրում, կառավարությունից ակնկալվում է 75 մլն դրամի վարկային միջոց: Հաշվի առնելով ծրագրի արդյունավետությունը՝ վարչապետը նշել է, որ գործադիրը պատրաստ է օժանդակություն ցուցաբերել վարկային միջոցների ներգրավման հարցում:

Արարատի մարզի Արարատ գյուղական համայնքի ներկայացրած ծրագրերի շարքում, մասնավորապես, քննարկվել է շարժական սպանդանոցի հիմնման ծրագիրը, որը գնահատվում է 130 մլն դրամ: Կարեն Կարապետյանը նկատել է, որ նման ծրագիր ներկայացրել է նաեւ մարզի Վեդի համայնքը: Կառավարության ղեկավարը նշել է, որ պետք է գնահատել դրանց քանակն ըստ անհրաժեշտության:

«Անհրաժեշտ է ծրագրերը գույքագրել: Մենք գնում ենք սպանդանոցների ինստիտուտի զարգացմանը, այդ իսկ պատճառով ստեղծելու ենք անհրաժեշտ միջավայր, որպեսզի շուկան ապահովենք: Բայց այժմ կարո՞ղ ենք ասել, որ դուք գիտեք, թե որքան սպանդանոց է անհրաժեշտ Արարատի մարզին: Պետք է թողունակությունը, կենդանիների քանակը, շուկան հաշվի առնել»,- ասել է վարչապետը:   

Արարատի մարզպետ Արայիկ Գրիգորյանը նշել է, որ նման հաշվարկ կատարել են եւ շարժական սպանդանոցն ընդունելու է պատվերներ մարզի բոլոր համայնքներից: Մարզպետի խոսքով, եթե բացի այս ծրագրից ներկայացվի սպանդանոցի հիմնման մեկ այլ ծրագիր, ապա կառաջարկեն ներդրումներն ուղղել այլ ոլորտ, քանի որ շարժական սպանդանոցի ծրագիրն ամբողջությամբ կլուծի խնդիրը: Նշվել է նաեւ, որ Գյուղատնտեսության նախարարությունն էլ մշակել է սպանդանոցների օպտիմալ տեղաբաշխվածության քարտեզը:

Լոռու մարզի Ալավերդի քաղաքի ղեկավարը ներկայացրել է զբոսաշրջության, գյուղատնտեսության, թեթեւ արդյունաբերության ոլորտների մի քանի նախագծեր: Մասնավորապես, ուշադրություն է հրավիրվել կարի ֆաբրիկա հիմնելու ծրագրին, որի առաջին փուլով նախատեսվում է ստեղծել 600 աշխատատեղ, իսկ երկրորդում՝ 1600: Ալավերդի համայնքի ղեկավարը նշել է, որ համայնքը պատրաստ է ներդրողին հատկացնել անհրաժեշտ շենքային տարածքը՝ իր ենթակառուցվածքներով: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն էլ ավելացրել է, որ ծրագիրը քննարկման փուլում է, սակայն ներդրողը պատրաստ է այն իրականացնել միայն որոշ ժամանակ անց, ուստի ներդրումային ծրագրի փաթեթը կարող է ներկայացվել այլ ներդրողների եւս:

Անդրադառնալով նշված ծրագրին՝ Կարեն Կարապետյանը հորդորել է այն  առարկայական քննարկել թեթեւ արդյունաբերության բնագավառում գործունեություն ծավալող ընկերությունների հետ: «Կառավարությունը պատրաստ է ծրագրի իրականացման վարկային միջոցները սուբսիդավորել: Այս ծրագրի հարցում ամեն կերպ կանգնելու ենք համայնքի կողքին»,- ընդգծել է վարչապետը:

Լոռու մարզի Արջուտ համայնքում տոհմային տնտեսություն հիմնելու ծրագրով էլ առաջարկվել է ներմուծել 30 գլուխ կենդանի եւ դրանք հատկացնել տեղի բնակիչներին՝ համայնքում անասնագլխաքանակն ավելացնելու նպատակով: Ծրագիրը գնահատվել է 50 մլն դրամ, հետվերադարձելիության ժամկետը՝ 10 տարի:  

Կարեն Կարապետյանը նշել է, որ նպատակահարմար չի համարում  այս ծրագիրը եւ առաջարկել է մասնավորի ներգրավմամբ իրականացնել ֆերմերային տնտեսություն հիմնելու ծրագիր: «Մենք ֆինանսավորում ենք այն ծրագրերը, որտեղ մասնավորը համատեղ ներդրում է կատարում, բացի այդ, ներկայացված ծրագրի սխեմայի մեջ ռիսկայնությունն ու պատասխանատվությունը չի երեւում: Այդ պատճառով, այս ծրագիրը մեզ համար ընդունելի չէ»,- ասել է վարչապետը:
Դիտում՝ 2154
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW