ՀՀ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ ապրիլի 23-25-ը շուկայում լայնածավալ ուսումնասիրություններ են կատարվել՝ կապված հայկական շուկայում ադրբեջանական ծագման խնձորի իրացման ահազանգի հետ:Ուսումնասիրությունների արդյունքում Երեւանի եւ մարզերի թարմ պտուղ բանջարեղենի իրացման վայրերում (մասնավորապես՝ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի գյուղատնտեսական արտադրանքի շուկայում, Լենինգրադյան եւ Հասրաթյան փողոցների խաչմերուկին հարող տարածքի պտուղ բանջարեղենի իրացման կետերում, Խորենացի փողոցի «Հայկական շուկա N1» գյուղատնտեսական արտադրանքի շուկայում եւ այլն) արձանագրվել են ադրբեջանական ծագման խնձորի իրացման դեպքեր: ՍԱՊԾ տեսուչները տեղում արգելել են նշված խնձորների վաճառքը եւ հանձնարարել ոչնչացնել դրանք:«ՍԱՊԾ-ն համապատասխան տեղեկատվությունն ու լուսանկարները փոխանցել է պատկան այլ մարմինների՝ հետագծելիության սկզբունքով ներկրողին հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքներ տանելու նպատակով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծառայության սահմանային հսկիչ կետերով ադրբեջանական ծագման որեւէ բեռ, այդ թվում եւ՝ խնձոր, չի ներկրվել Հայաստան»,- ասված է հաղորդագրությունում:Ծառայության կողմից իրականացվող սահմանային պետական վերահսկողության արդյունքներով՝ ապրիլի 1-25-ը Հայաստան խնձոր ներկրվել է Լեհաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից եւ Իտալիայից: «Ադրբեջանական ծագման խնձոր նշված բեռներում չի եղել. բոլոր դեպքերում ապրանքն ուղեկցվել է համապատասխան փաստաթղթերով, ինչի հիման վրա էլ թույլատրվել է խմբաքանակների ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք:Հաշվի առնելով, որ նշված խնձորները սահմանային վերահսկողություն չեն անցել եւ ծառայությունը չի կարող երաշխավորել դրանց անվտանգությունը՝ սպառողներին կոչ ենք անում ձեռնպահ մնալ դրանք ձեռք բերելուց եւ նման դեպքեր արձանագրելու դեպքում տեղեկացնել՝ զանգահարելով ՍԱՊԾ թեժ գծին 010 206040 հեռախոսահամարով»,- կոչ են արել ծառայությունում: Tweet Դիտում՝ 3412