Քննարկվել է սուբսիդավորվող գյուղվարկերի ծրագրի վերանայումը

21.04.2017 | 12:32 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ #Իգնատի Առաքելյան #Հակոբ Անդրեասյան
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանի հետ քննարկել է սուբսիդավորվող վարկերի ծրագրի պայմանները վերանայելու հարցը:

Ինչպես հայտնել են նախարարության մամուլի ծառայությունից, քննարկումը կայացել է նախօրեին:

«Գյուղացին պետք է ունենա հնարավորություն՝ ստանալու մատչելի վարկ իր տնտեսությունը կազմակերպելու համար, բայց ծրագրի այսօրվա տարբերակն արդյունավետ չի գործում, չի ծառայում իր նպատակին եւ չի նպաստում գյուղատնտեսության զարգացմանը: Մենք առաջարկում ենք մշակել նոր ծրագիր, որով կխթանենք փոքր ու միջին գյուղացիական տնտեսությունների խոշորացումը եւ կնպաստենք արդյունաբերական գյուղատնտեսության ստեղծմանը»,- նշել է Իգնատի Առաքելյանը:

Նախարարն առաջարկել է փոխել չափորոշիչները եւ վերանայել վարկերի տրամադրման պայմանները:

Մասնավորապես, նախատեսվում է ուսումնասիրել սուբսիդավորման ավելացման հնարավորությունը՝ արդյունքում էլ ավելի նվազեցնելով վարկային տոկոսադրույքն ու բարձրացնելով տրամադրվող գումարի շեմը:

Իգնատի Առաքելյանի խոսքով՝ տնտեսությունները պետք է ներկայացնեն բիզնես ծրագիր, որպեսզի պետության կողմից սուբսիդավորվող գումարներն առավել արդյունավետ եւ նպատակային ծախսվեն եւ ուղղվեն բացառապես ոլորտի զարգացմանը:  

Իգնատի Առաքելյանն առաջարկել է, որպեսզի ծրագիրը գնահատվի բանկի մասնագետների կողմից, որից հետո կորոշվի շահառուին ֆինանսական կամ նյութական աջակցության տրամադրման հարցը: Միաժամանակ, կարեւորվել է անհրաժեշտության դեպքում ֆերմերներին խորհրդատվություն տրամադրելու հարցը:

Նախարարությունում հիշեցրել են, որ այս տարի շարունակվում է 8% տոկոսադրույքով սուբսիդավորվող գյուղվարկերի տրամադրումը, որի շրջանակում արդեն իսկ տրվել է 700 մլն դրամ:
Դիտում՝ 5161
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW