Վարչապետը ջրօգտագործման ոլորտում կտրուկ ռեֆորմ է ակնկալում

13.04.2017 | 12:31 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կարեն Կարապետյան #կառավարության նիստ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ջրօգտագործման ոլորտում այս տարի «կտրուկ դմփոց-ռեֆորմ է ակնկալում»:

Այս մասին վարչապետն ասել է կառավարության այսօրվա նիստում:

«Մի շարք համայնքներում միավոր բերք ստանալու համար օգտագործվում է ավելի շատ ոռոգման ջուր, քան մյուսներում, ինչի պատճառով այս տարածքներում մատակարարված ջրի դիմաց ձեւավորվում է մեծ հասույթ, որը հետագայում ջրօգտագործողների կողմից գերնորմատիվայինից ավելի մասով չի վճարվում` տարեցտարի աճողականության կարգով ձեւավորելով անհուսալի դեբիտորական պարտավորություններ: Այս հանգամանքը ջրօգտագործողների համար բերում է ոչ հավասար պայմանների, իսկ ջրամատակարարման ընկերությունների մոտ առաջացնում ֆինանսական ճեղքվածք»,- ասել է կառավարության ղեկավարը:

Այս առնչությամբ վարչապետը հանձնարարել է գյուղատնտեսության նախարարին` տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության եւ Ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ համատեղ, մեկամսյա ժամկետում մշակել եւ սահմանված կարգով շրջանառության մեջ դնել 2017-ին գերնորմատիվային ջրօգտագործման պահանջարկ ունեցող համայնքների ջրօգտագործողներին պետական աջակցություն տրամադրելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ՝ նպատակ ունենալով այն ընդունել մինչեւ մայիսի 31-ը:

Վարչապետը նաեւ հանձնարարել է գյուղատնտեսության ոլորտում ներկրվող ապրանքները տեղական արտադրանքով փոխարինելու վերաբերյալ` առանձնացնելով հանքային եւ կենսաբանական պարարտանյութերի արտադրությունն ու սերմնաբուծությունը:

Գյուղնախարարին հանձնարարվել է մեկամսյա ժամկետում ուսումնասիրել ոլորտում առկա սելեկցիոն կայանների եւ սերմնաբուծությամբ զբաղվող կազմակերպությունների գործունեությունը, կառավարության աշխատակազմ ներկայացնել այդ ոլորտը զարգացնելու եւ համակարգելու վերաբերյալ կառավարության որոշման նախագիծ՝ հստակ հաշվարկելով դրանց ներկրվող ապրանքների փոխարինելու դեպքում հատկացվող ծախսերի համեմատականը:

Բացի այդ, հանձնարարվել է գյուղատնտեսության, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարներին համատեղ քննարկել եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել Հայաստանում հանքային եւ կենսաբանական պարարտանյութերի արտադրման ուղղությամբ հնարավոր ներդրումային ծրագրի ամբողջական փաթեթ եւ, ըստ անհրաժեշտության, կառավարության որոշման նախագիծ:

«Այս երկու ոլորտն էլ շատ տրամաբանական, շահութաբեր, հասկանալի բիզնես են: Չեմ կարծում, թե ներդրող չենք գտնի»,- նշել է կառավարության ղեկավարը:

Կարեն Կարապետյանը հորդորել է նաեւ բիզնես բաղադրիչ ունեցող բոլոր ՊՈԱԿ-ները հանձնել մասնավորի կառավարմանը:  

Հանձնարարական է տրվել նաեւ գյուղացիական եւ ֆերմերային տնտեսություններում կենդանիների վարակիչ հիվանդությունների կանխարգելման նպատակով անասնաբույժի հաստիքներ սահմանելու եւ պատվաստումների աշխատանքներ իրականացնող շարժական խմբեր ստեղծելու վերաբերյալ:

Դիտում՝ 2341
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW