«Լուսավոր սահման»-ը լուսավորել է Բարեկամավան եւ Կիրանց գյուղերը

11.04.2017 | 13:09 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Լուսավոր սահման»

«Լուսավոր սահման» կամավորական նախաձեռնությունն ապրիլի 8-ին բարեգործական այց է կատարել Տավուշի մարզ՝ լուսավորելու սահմանամերձ Բարեկամավան եւ Կիրանց գյուղերը:

Ինչպես հայտնել են նախաձեռնությունից, այցի նպատակը վերոնշյալ սահմանամերձ գյուղերի բնակիչների տներում էներգախնայող-էներգաարդյունավետ լամպերի տեղադրումն էր: Յուրաքանչյուր ընտանիքի տրամադրվել են 5-ական լուսադիոդային (LED) լամպեր:

«Սահմանամերձ համայնքներին ընձեռվող նման ուշադրությունը շատ գովելի է: Այսպիսով դուք ոչ միայն աջակցություն եք ցուցաբերում գյուղացիներին կենցաղային հոգսերը թեթեւացնելու հարցում, այլեւ ցույց տալիս, որ այս փոքրիկ գյուղի բնակիչների կողքին եք»,- նշել է Կիրանց համայնքի ղեկավար Կամո Շահինյանը:

«Լուսավոր սահման»-ն արդեն լուսադիոդացրել է Հայաստանի եւ Արցախի սահմանամերձ 10 գյուղեր:

Նախաձեռնությունը մեկնարկել է 2016թ. նոյեմբերին՝ մի խումբ բարերարների ուղղակի եւ անուղղակի ներդրումների օգնությամբ: Այս պահին հանգանակված գումարի չափը կազմում է մոտ 21 200 000 դրամ, որով գնվել է մոտ 9200 LED լամպ: Սահմանամերձ ընտանիքներն այդպիսով խնայում են ամսական մինչեւ 4000 դրամ:

Նախաձեռնությունը բոլորին կոչ է անում ներդրում ունենալ սահմանամերձ գյուղերի լուսավորման մեջ՝ մասնակցելով դրամահավաքին:

Դիտում՝ 1829

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW