ՊԵԿ-ը դաշտից «կմաքրի» լուծարման ենթակա հարկ վճարողներին

07.04.2017 | 15:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #հարկ

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) կազմել է լուծարման ենթակա հարկ վճարողների նախնական ցանկը:

Ինչպես հայտնել են ՊԵԿ մամուլի ծառայությունում, ցուցակում ներառված են այն կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը, որոնք 2013թ. մինչեւ 2017թ. հունվարի 1-ը հարկային մարմին չեն ներկայացրել որեւէ հաշվետվություն, հաշվարկ կամ հայտարարագիր, hարկային մարմնում առկա տեղեկություններով չունեն գույք եւ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով չունեն պարտավորություններ կամ չեն վերագրանցվել:

«Նպատակն է առանց ավելորդ վարչարարության եւ պարզեցված ընթացակարգով լուծարել հաշվետվություն չներկայացրած չգործող կազմակերպություններին` հստակեցնելով փաստացի գործունեություն ծավալող հարկ վճարողների շրջանակն ու պետական ռեսուրսները խնայելու հնարավորություն ստեղծելով»,- նշել է ՊԵԿ կազմակերպման եւ հսկողության վարչության տեսչական բաժնի պետ Կարեն Թամազյանը:

Նրա խոսքով՝ լուծարման ամբողջ ընթացքում հարկ վճարողներին անհանգստություն չի պատճառվելու. նրանք ազատվելու են հստակեցումների երկար ընթացակարգերից եւ թղթաբանությունից:

«Աշխատանքի ամբողջ ծանրաբեռնվածությունը ՊԵԿ-ը վերցրել է իր վրա եւ գույքի առկայությունը կամ պարտատերերի առարկությունը ճշգրտելու համար համագործակցելու է պետական գերատեսչությունների հետ»,- ասել է Կարեն Թամազյանը:

Նա ընդգծել է, որ չեղյալ են համարվելու հունվարի 1-ի դրությամբ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով կազմակերպության կամ Ա/Ձ-ի՝ մինչեւ 10 հազ. դրամի չափով ընդհանուր հարկային պարտավորությունը:

Նախնական ցանկում ընդգրկված են մոտ 50 հազ. հարկ վճարողները, որոնք լուծարվելու կամ պետական հաշվառումից հանվելու ցանկություն չունենալու պարագայում մինչեւ նոյեմբերի 1-ը պետք է այդ մասին գրավոր տեղեկացնեն համապատասխան հարկային տեսչությանը:

«ՊԵԿ-ն արդեն հարցումներ է ուղարկել լիազոր մարմիններին՝ նախնական ցանկում ներառված հարկ վճարողների գույքի առկայությունը պարզելու նպատակով: Զտված ցանկը մինչեւ հուլիսի 1-ը կներկայացվի ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն եւ կտեղադրվի www.e-register.am եւ ՀՀ հրապարակային ծանուցումների www.azdarar.am կայքերում»,- հայտնել է Կարեն Թամազյանը:

Դիտում՝ 2977
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW