ՀՀ Կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնը փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինասավորման (ՓԼԱՖ) դեմ պայքարի ոլորտի առցանց ուսուցման համակարգ է ներդրել:Ինչպես հայտնել են ԿԲ-ում, թեմաներն անդրադառնում են փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման հասկացությանը, դրանց կանխարգելման միջազգային եւ ազգային պահանջներին, հաշվետվություն տրամադրող անձանց, վերահսկող եւ այլ մարմինների կողմից իրականացվող միջոցառումներին, ինչպես նաեւ ոլորտը կարգավորող այլ մեխանիզմներին: Առցանց ուսուցման համակարգը նախատեսված է հաշվետվություն տրամադրող անձանց աշխատակիցների (ներքին դիտարկումների մարմին, ներքին աուդիտ, հաճախորդների սպասարկման աշխատակիցներ, վարկային մասնագետներ, նոտարներ, փաստաբաններ, հաշվապահներ, աուդիտորներ) համար՝ իրենց աշխատանքում ոլորտին վերաբերող գիտելիքների բարելավման եւ կիրառման նպատակով:Բացի այդ, համակարգը նախատեսված է ոլորտը կարգավորողների եւ այն շահագրգիռ անձանց համար, որոնք հետաքրքրված են ոլորտով: «Առցանց ուսուցման համակարգը հաշվետվություն տրամադրող անձի ցանկացած աշխատակցի հնարավորություն է տալիս գրանցվել որպես օգտատեր, ուսումնասիրել թեմաները, պատասխանել ստուգողական հարցերին, տեսնել ստուգողական հարցերի պատասխանները»,- ասված է հաղորդագրությունում: Առցանց ուսուցման համակարգը տեղադրված է ԿԲ կայքի «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքար» հատվածի «Առցանց ուսուցման համակարգ» բաժնում: Tweet Դիտում՝ 3217