Բեռլինում քննարկվել են ԵՄ-ԵԱՏՄ գործակցության հեռանկարները

07.04.2017 | 11:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#Էմիլ Տարասյան #ԵԱՏՄ #ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություն

Գերմանիայում նախօրեին կայացել է Բեռլինյան 5-րդ Արեւելյան ֆորումը՝ նվիրված Եվրամիության եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ գործընկերության հնարավորություններին ու մարտահրավերներին։

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում նշել են, որ համաժողովին մասնակցել է 400-ից ավելի ներկայացուցիչ ու փորձագետ, այդ թվում՝ ԵՏՀ Ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար)Կարինե Մինասյանը, ԵՏՀ Առեւտրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Վերոնիկա Նիկիշինան, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արման Խաչատուրյանը։

Ֆորումին ելույթով հանդես է եկել նաեւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահ (ԵՏՀ) Տիգրան Սարգսյանը։

Համաժողովի շրջանակում քննարկվել են Լիսաբոնից մինչեւ Վլադիվոստոկ առեւտրային խոչընդոտների հաղթահարմանն ու ազատ առեւտրին ուղղված քայլերը, թվայնացման, այդ թվում՝ թվային հմտությունների եւ ձեռնարկատիրական կարողությունների զարգացման, կիբեռանվտանգության եւ տվյալների պաշտպանության հնարավորությունները:

«Եվրամիության հետ առկա է արդյունավետ համագործակցություն, այդ թվում` ԵՄ աջակցության տարբեր գործիքների՝ «Հորիզոն 2020», «COSME» եւ այլ ծրագրերի կիրառմամբ, եւ նշված համագործակցությունը կրում է շարունակական բնույթ: Վերջինիս մասին է վկայում նաեւ 2017թ. ՀՀ-ԵՄ միջեւ «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության» համաձայնագրի նախաստորագրումը, որը չի հակասում Եվրասիական տնտեսական միության շրջանակում ՀՀ կողմից ստանձնած պարտավորություններին եւ  նախատեսում է համագործակցություն տնտեսության տարբեր ոլորտներում»,- նշել է Էմիլ Տարասյանը:

Փոխնախարարը հավելել է, որ Հայաստանը հավակնում է կամուրջ դառնալ Եվրասիական տնտեսական միության եւ Եվրամիության, ինչպես նաեւ Իրանի եւ Մերձավոր Արեւելքի միջեւ:

Էմիլ Տարասյանը կարեւորել է Եվրամիության եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ համագործակցությունը եւ նշել, որ թվայնացումը կարող է կարեւոր նախադրյալ հանդիսանալ այդ համագործակցության համար:

«Թվայնացման հետ մեկտեղ փոխգործակցության կարեւոր նախադրյալ կարող է լինել տեխնիկական կանոնակարգերի եւ ստանդարտների ներդաշնակեցումը, ինչպես նաեւ ապրանքների եւ ծառայությունների համապատասխանության գնահատման արդյունքների փոխադարձ ճանաչումը, որը թույլ կտա ապահովել նույն որակի ապրանքների մուտքը ԵՄ շուկա»,- նշել է փոխնախարարը:

Դիտում՝ 2030
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW