«Ամերիա»-ն հյուրընկալել է Միջազգային խորհրդատվական միության համաժողովը

04.04.2017 | 16:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Ամերիա» #ICA #Տիգրան Ջրբաշյան

«Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայությունն այսօր Երեւանում հյուրընկալել է Միջազգային խորհրդատվական միության (International consulting alliance, ICA) 4-րդ տարեկան համաժողովը:

Համաժողովը եռօրյա է եւ Հայաստանում անցկացվում է առաջին անգամ: Միջոցառմանը մասնակցում է ավելի քան 50 խորհրդատու՝ աշխարհի շուրջ 30 երկրից, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Թուրքիայից, Ռուսաստանից, Չինաստանից:

Համաժողովի շրջանակում վերլուծվելու են նախորդ տարվա համագործակցության արդյունքները, ներկայացվելու են հաջողության առանձին պատմություններ եւ համագործակցության հնարավորությունները:

Ինչպես նշել է «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության տնօրեն Տիգրան Ջրբաշյանը, ICA-ի հարթակը հնարավորություն է տալիս միության անդամներին, օգտագործելով տարբեր երկրներում կուտակված գիտելիքներն ու փորձը, դառնալ ավելի մրցունակ եւ հետաքրքրիր լուծումներ տալ տարբեր ոլորտներում ունեցած խնդիրներին:

«Այս հարթակի կիրառմամբ արդեն իրականացրել ենք ծրագրեր Հայաստանի էներգետիկայի, գյուղատնտեսության, հանրային հատվածի բարեփոխումների ոլորտներում, հաջողված նախագիծ ունենք նաեւ արտասահմանում, մասնավորապես՝ Ղրղըզստանում: Այժմ փորձում ենք ընդլայնել այդ աշխարհագրությունը»,- ասել է Տիգրան Ջրբաշյանը:

ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը եւս կարեւորել է Հայաստանում համաժողովի անցկացումը:

«Մեզ համար խիստ կարեւոր է, որպեսզի խորհրդատվական ընկերությունները լինեն Հայաստանում եւ զբաղվեն գիտելիքի փոխանցմամբ, օգնեն ճշտորեն ձեւավորել կառույցներ եւ ինստիտուտներ, որոնք հնարավորություն կտան ապահովել մեր երկրի զարգացումը: Հուսով ենք՝ սա առիթ կլինի այս ընկերությունների համար ծանոթանալու Հայաստանին, ինչպես նաեւ մեր ընկերություններին՝ ընդլայնելու իրենց կապերն ու նոր գործընկերների օգնությամբ մասնակցել զանազան միջազգային մրցույթների»,- ասել է Վաչե Գաբրիելյանը:

ICA-ի հիմնադիր, IBF ընկերության գործադիր տնօրեն Ֆրեդերիկ Անդրեն էլ նշել է, որ համաժողովի նպատակը միջազգային մակարդակի վրա համագործակցության զարգացումն ու միջազգային փորձի ներդրումն է:

«Համաժողովի գաղափարն ի սկզբանե եղել է մի կողմից միջազգային ընկերությունների, մյուս կողմից՝ յուրաքանչյուր երկրի տեղական ընկերությունների միջեւ ավելի սերտ համագործակցության հաստատումը, որի շնորհիվ հնարավոր կլինի բարձրացնել գործունեության արդյունավետությունը եւ շահել ավելի շատ տենդերներ»,- ընդգծել է նա:

ICA-ն ստեղծվել է 2012-ին IBF խորհրդատվական ընկերության նախաձեռնությամբ, միավորում է անկախ համախոհների, որոնք զբաղվում են զարգացող երկրներում բարձրորակ խորհրդատվական ծառայությունների մատուցմամբ:

«Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայությունը 2013-ից ICA-ի խորհրդի անդամ է:

Դիտում՝ 9844
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW