Երեւանի պատմության թանգարանում կայացել է Հայաստանի ձեռնարկատիրության ոլորտում սիրիահայերի գործունեությանը նվիրված «Վերսկիզբ» (Restart) լուսանկարչական ցուցահանդեսի բացումն ու համանուն գրքի շնորհանդեսը:Ցուցահանդեսը կազմակերպվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) եւ Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման դաշնային նախարարության (BMZ) պատվիրակմամբ իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» (ՄՀԶ ՀԿ) ծրագրին կցված «Սիրիացի փախստականների տնտեսական ինտեգրումը Հայաստանում» (ՍՓՏԻՀ) ծրագրի կողմից:Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը նշել է, որ Հայաստանն ապաստան է տվել ավելի քան 20 հազ. սիրիացի փախստականի, որն ավելին է, քան Եվրոպայում մեկ շնչին ընկնող փախստականների թիվը: «Շատ ոգեւորիչ է տեսնել, թե ինչպես սիրիահայերը, նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցնելով, հիմնել են իրենց բիզնեսները: Հայաստանը կարող է օրինակ վերցնել նրանց լավատեսական ոգուց, ձեռնարկատիրական հմտություններից եւ հաճախորդամետ մոտեցումից»,- ասել է դեսպանը: «Ցուցահանդեսում ներկայացված են գրքում տեղ գտած հաջողությունների պատմությունների հերոսները: Նրանք տարբեր սեռի, տարիքի, փորձառության, կրթության, տարբեր ոլորտներում բիզնեսներ ունեցող մարդիկ են, որոնք, սակայն, ունեն միեւնույն ձգտումը՝ ներդնել իրենց փորձն ու ձեռնարկատիրական հմտությունները Հայաստանի տնտեսության զարգացման գործում եւ այսկերպ ոգեշնչել այլոց՝ հետեւելու իրենց օրինակին»,- նշել է ՍՓՏԻՀ ծրագրի ղեկավար Հանս Յոախիմ Ցինքանը:ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանը եւս կարեւորել է սիրիացի փախստականների տնտեսական ինտեգրումը Հայաստանում՝ նշելով, որ նախարարությունն օգտագործում է պետական աջակցության բոլոր գործիքները՝ օգնելու նրանց ինտեգրվելու Հայաստանի գործարար միջավայրին եւ համալրելու ՓՄՁ համայնքը:Լուսանկարները կցուցադրվեն «Երեւան Մոլ»-ում` մարտի 30-ից մինչեւ ապրիլի 12-ը, ինչպես նաեւ «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանում՝ ապրիլի 13-ից մինչեւ ապրիլի 26-ը: Tweet Դիտում՝ 651