ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը Reuters գործակալության հետ զրույցում ասել է, որ ԿԲ-ն մտադիր չէ շարունակել դրամավարկային մեղմացնող քաղաքականությունը, քանի որ «չափից ավելի ցածր տոկոսադրույքները կարող են ռիսկեր առաջացնել»: Գործակալությունը գրում է, որ Հայաստանում վերջին շրջանում նկատվում է գնանկումային միջավայր՝ պայմանավորված Ռուսաստանում տնտեսական ճգնաժամի հետեւանքով այս երկրից Հայաստան եկող տրանսֆերտների կրճատմամբ, որը հարվածել է սպառողական պահանջարկին:Գնաճն ու սպառողական պահանջարկը խթանելու նպատակով 2015թ. օգոստոսից ՀՀ ԿԲ-ն սկսել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 10,5%-ից 2017թ. փետրվարին հասցնելով 6%-ի:«Առկա մակարդակից ցածր տոկոսադրույքը կարող է անցանկալի ազդեցություն ունենալ տնտեսության իրական եւ ֆինանսական հատվածների զարգացման վրա: Հետեւաբար, ԿԲ-ն ավելի զգուշավոր կլինի դրա հետագա հնարավոր իջեցումը դիտարկելիս»,- նշել է Արթուր Ջավադյանը` դրամավարկային քաղաքականության պայմանների թուլացումը գնահատելով բավարար:ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքի մակարդակի վերաբերյալ հերթական որոշումը կկայացնի վաղը՝ մարտի 28-ին:Արթուր Ջավադյանի խոսքով՝ դոլարայնացման բարձր մակարդակն ու ավանդների տոկոսադրույքների դանդաղ նվազումը սահմանափակում են ԿԲ-ի` դրամավարկային քաղաքականության ոլորտի մանեւրը, սակայն կարգավորչի գլխավոր խնդիրն է պահպանել գների կայունությունը: «Եթե ԿԲ-ն գնահատի, որ նպատակային ցուցանիշից գնաճի շեղման ռիսկերն աճում են, ապա հավուր պատշաճի կարձագանքի դրան՝ կիրառելով երկում գների կայունության ապահովման ամբողջ գործիքակազմը»,- ընդգծել է ԿԲ նախագահը:Նրա խոսքով՝ միջնաժամկետ հեռանկարում սպառողական գները կշարունակեն մնալ ցածր մակարդակի վրա, իսկ 2019-ին աստիճանաբար կհասնեն թիրախային 4%-ին:«Դա կապահովի տնտեսության ընդհանուր հավասարակշռությունը՝ նվազագույն բացասական հետեւանքներով»,- ասել է Արթուր Ջավադյանը:ԿԲ կանխատեսմամբ՝ գնաճը 2017-ին կկազմի 0,6%, իսկ 2018-ին՝ 2,2%. կանխատեսումները վերանայվում են եռամսյակը մեկ:Արթուր Ջավադյանն անդրադարձել է նաեւ տնտեսական աճին՝ նշելով, որ ԿԲ-ն կարող է բարձրացնել ՀՆԱ-ի աճի վերաբերյալ իր կանխատեսումը, սակայն ընթացիկ տարում այն, ամենայն հավանականությամբ, կմնա 2,2-3,2%-ի շրջանակում:«Աճը հիմնականում պայմանավորված է ներքին պահանջարկի աստիճանական վերականգնմամբ, արտահանման եւ ներդրումների խթանմանն ուղղված կառավարության ծրագրերի արդյունավետ իրականացմամբ, ինչպես նաեւ շարունակական կառուցվածքային բարեփոխումներով»,- ասել է նա:ԿԲ ղեկավարի խոսքով` առեւտրային բանկերը ցուցաբերել են ցնցումների եւ ռիսկերի նկատմամբ բավական լավ դիմացկունություն: «Բանկերի` ռիսկերի կլանման ունակությունն ավելացել է, աճել է նաեւ իրացվելիությունը, ինչը նոր գործարար ծրագրերի ֆինանսավորման մեծ պոտենցիալ է ստեղծում»,- ընդգծել է նա:Արթուր Ջավադյանի խոսքով` ՀՀ բանկային համակարգի կապիտալի համարժեքությունը կազմում է 20%, իսկ չաշխատող ակտիվների մասնաբաժինը 2016-ին կրճատվել է 1 տոկոսային կետով` տարեվերջին կազմելով 6,2%: Օտարերկրյա ներդրողներին բաժին է ընկնում Հայաստանի ընդհանուր բանկային համակարգի կապիտալի 62%-ը: Tweet Դիտում՝ 16568