Երեւան, 21 մարտի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Այսօր Երեւանում կայացել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ առեւտրային բանկերի ղեկավարների տարեկան հանդիպումը: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, վկայակոչելով ՀՀ նախագհի մամլո ծառայությանը, Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ նախորդ հանդիպմանը բարձրացված խնդիրների մի մասը լուծում է ստացել, որոշների լուծումներն էլ գտնվում են ընթացքի մեջ: Նախագահը նշել է, որ թեեւ բանկային համակարգը արագ տեմպով զարգանում է, սակայն դեռեւս բավականին անելիքներ կան տնտեսության ֆինանսական հատվածի ընդլայնման եւ լայնածավալ ֆինանսական ծառայությունների մատուցման գործում: Ռոբերտ Քոչարյանը կարեւորել է այս գործընթացում նոր մոտեցումներ եւ տեխնոլոգիաներ կիրառելու անհրաժեշտությունը: Հանդիպման ընթացքում խոսվել է հիպոթեքային վարկավորմանը, ապահովագրական համակարգի ներդրմանը, կենսաթոշակային բարեփոխումներին առնչվող հարցերի մասին: Բանկիրները նշել են, որ տնտեսության բանկայնացման աստիճանը մեծացնելու գործում առաջնահերթ խնդիր է հանրապետության ֆինանսական ներքին ռեսուրսները բանկային համակարգ բերելը, ինչի համար պետք է հասնել բանկերի հանդեպ վստահության առավել բարձրացման: Բանկիրներն առաջադրել են նաեւ գրավադրմանը, ֆինանսական գործառնությունների հարկմանն առնչվող օրենսդրության որոշ անկատարության հարցեր: Անդրադարձ է կատարվել նաեւ Բանկերի միության գործունեությանը: Միության նախագահ Ստեփան Գիշյանը տեղեկացրել է, որ կառույցին այսօր անդամակցում է 19 բանկ, եւ այն վերջերս դարձել է բանկերի եվրոպական միության ասոցիացված անդամ, ինչը նպաստում է եվրոպական բանկային համակարգի հետ համագործակցության ընդլայնմանը եւ մեր համակարգում նոր մեթոդների ներդրմանը: Նախագահն ասել է, որ բանկիրների բարձրացրած հարցերը կքննարկվեն նաեւ շահագրգիռ կառույցների մասնակցությամբ եւ կտրվեն լուծումներ: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 7208